Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ

Այսօր՝ հունվարի 12-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Գյումրիում կատարված սպանության թեմայով հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ, իսկ փոխնախարար Դավիթ Տոնոյանը՝ ՌԴ իր պաշտոնակցի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Ռուսաստանցի պաշտոնյաները ցավակցել են Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ և դատապարտել կատարված հանցագործությունը: Ավելին՝ խոստացել են ամեն ինչ անել հանցագործության հանգամանքների լիարժեք բացահայտման համար: Բացի այդ, միջադեպը քննելու համար հատուկ հանձնաժողով կուղարկվի ՌԴ-ից»,- տեղեկացրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Հավելենք, որ վաղը՝ հունվարի 13-ին,  Սեյրան Օհանյանը կմեկնի Գյումրի, որտեղ կհանդիպի Գյումրիում տեղի ունեցած սպանության հանգամանքները քննելու համար Մոսկվայից ժամանած քննչական հատուկ հանձնաժողովի անդամների հետ:

Հունվարի 12-ին պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Բերյոզկինին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Կողմերը մտահոգություն են հայտնել Գյումրիում եղած ողբերգական դեպքի կապակցությամբ, ինչպես նաև փոխադարձ պատրաստակամություն են հայտնել դեպքի շուտափույթ, օբյեկտիվ և անկողմնակալ  քննության անցկացման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի` մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախումների հաճախակիության և ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների շուրջ,  ինչի հետևանքով կան զոհեր նաև քաղաքացիական բնակչության շրջանում:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 12-ին, Գյումրիում սպանվել է 6 հոգանոց ընտանիք։ Սպանության համար կասկածում են Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող, Պերմյակով Վալերի Պավլովիչին, ով մինչ այդ փախել էր զորամասից:

Նշենք նաև, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ, որը վարում է Հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչությանը։ ՀՀ Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ։

One response to “Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 11-17 հունվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *