Հունվարի 12-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպում-խորհրդակցությունը Երևանի և Արմավիրի կայազորների հրամկազմերի հետ, հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։
Հանդիպմանը հրավիրված էին Երևանի քաղաքապետը, մարզպետներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, որոշ ՀԿ-ների ղեկավարներ։
Նախարար Օհանյանն ամփոփել է 2014 թվականը՝ նշելով, որ տարին զինուժի համար եղել է հաջողությունների և որակական առաջընթացի տարի: Մասնավորապես նվազել են բռնարարքների, ծեծկռտուքների, ինքնասպանությունների քանակը: Այդ ամենի արդյունքն է ԶՈւ արտակարգ պատահարների 6%, հանցածին երևույթների հետևաքնով առաջացող միջադեպերի 8% և մահվան ելքով հանցագործությունների 50% նվազումը:
Ըստ նախարարի՝ 2015թ գերակա խնդիր պետք է լինի հայ ժողովրդի անվտանգության ապահովումն արտաքին ագրեսիայից. «Մենք պարտավոր ենք խելացի պաշտպանություն իրականացնել, վարել այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա քիչ ուժերով, ավելի շարժուն ու փոքր ստորաբաժանումներով լուծել մեծ խնդիրներ՝ հատկապես, որ դրա նախադրյալները կան: Ազգային բանակի անցած ճանապարհը դրա վառ ապացույցն է»։
Նշենք, որ այսօր ավելի վաղ հայաստանյան Tert.am լրատվակայքը գրել էր, որ Օհանյանը նույն խորհրդակցության ընթացքում հայտարարել էր, որ գումարտակի ու վաշտի հրամանատարները անհրաժեշտության դեպքում ինքնուրույն կմշակեն գործելու ու հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններ:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 11-17 հունվարի, 2015 | Ռազմ.info