Սիրիական թնջուկ. հանգուցալուծումը չի երևում

Սիրիայում տարուց ավելի շարունակվում է արյունոտ պայքարը իշխանության և ընդդիմադիր ուժերի միջև, որոնց ոմանք ներկայացնում են որպես մարդու իրավունքների ու ժողովրդավարության մարտիկներ, ոմանք էլ` ահաբեկիչներ: Այս պայքարում արդեն զոհվել է 10 հազարից ավելի մարդ, այդ թվում` կանայք, երեխաներ, խաղաղ բնակիչներ: Սիրիական ճգնաժամը հաղթահարելու Արևմուտքի ներկայացրած ծրագրերը չեն իրականանում. երկրի առաջնորդ Բաշար Ասադի դիրքերը կարծես թե դեռ ամուր են, իսկ կարգավորման ծրագրերը՝ բախվելով խոշոր պետությունների քաղաքական, ռազմական և տնտեսական շահերի հակասություններին, փուլ են գալիս:

Ձախից աջ՝ Քոֆի Անան, ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Կի Մուն, Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար՝ Նաբիլ Էլարաբի

Ամսվա սկզբին կրկին լարվեց իրադրությունը Սիրիայում և վերսկսվեցին արյունալի բախումները: Պատճառը հունիսի 6-ի գիշերը Համա քաղաքից 20 մղոն հեռավորության վրա գտնվող Ալ-Քուբեյր բնակավայրում տեղի ունեցած սպանդն էր, որին զոհ գնացին մի քանի տասնյակ մարդիկ: Դեպքից անմիջապես հետո հակապետական ակտիվիստները հայտարարեցին, որ զանգվածային սպանության կազմակերպիչը կառավարական ստորաբաժանումներն ու հիմնականում ալևիներից բաղկացած «Շաբիհա» կիսապետական կազմակերպության ներկայացուցիչներն են: Բնականաբար, իշխանությունը հերքեց իր մասնակցությունը միջադեպին:

Ուշագրավ է, որ որոշ աղբյուրներով ցեղասպանություն որակվող միջադեպի և զոհերի մասին տարբեր տեղեկություններ են հաղորդվում: Ըստ պաշտոնական տեղեկատվության` բնակավայրը հարձակման է ենթարկվել ապստամբների կողմից, որին զոհ են գնացել 9 մարդ: Այնուհետև բնակիչները օգնության են կանչել կառավարական ուժերին, որոնք ոչնչացրել են ահաբեկիչներին:

Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհրդի տվյալներով զոհերի թիվը մոտենում է հարյուրի է, իսկ «Նյու Յորք Թայմսը» հայտնել է 78 սպանվածների մասին:

Սիրիայում ստեղծված իրադրությունը ստիպում է ՄԱԿ և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանին խնդրի կարգավորման նոր ծրագիր ներկայացնել: Հիշեցնենք, որ ապրիլի վերջին նրա արած առաջարկները թեև ընդունվեցին Արևմուտքի և Ռուսաստանի կողմից, սակայն չիրագործվեցին. մարտական գործողությունները շարունակվեցին:

Ըստ նոր առաջարկի` պետք է ստեղծվի հատուկ «շփման խումբ», որը մշակելու է Սիրիայում իշխանության փոխանցման փոխզիջումային տարբերակ: Խմբում ներգրավված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական ներկայացուցիչ երկրները և Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան ու Իրանը: Այս երկրների ընտրությունը պատահական չէ, քանի որ նրանք որոշակի ազդեցություն ունեն ինչպես Սիրիայի իշխանությունների, այնպես էլ ընդդիմադիրների շրջանում: Նշենք նաև, որ այս պետությունները լարված հարաբերություններ ունեն Ասադի վարչակազմի հետ և ըստ որոշ վերլուծաբանների, հենց նրանց «ջանքերով» է ձախողվել սիրիական ճգնաժամի կարգավորման առաջին ծրագիրը: Անանի նոր ծրագրի իմաստն այն է, որ պետք է նախապատրաստվի Ասադի հեռացումը և նախագահի ու խորհրդարանի նոր ընտրություններ անցկացվեն:

Որոշ փորձագետներ նշում են, որ նոր ծրագիրը հիշեցնում է Եմենի տարբերակը, երբ առանց բախումների ու արյան Եմենի նախագահը հանձնեց իշխանությունը և հեռացավ` ստանալով սեփական անվտանգության երաշխիքներ: Այսպիսի երաշխիքներ առաջարկվում են նաև Ասադին. նա կարող է ապաստանել Ռուսաստանում կամ Իրանում: Խնդիրը սակայն այն է, որ ի տարբերություն Մերձավոր Արևելքի մյուս երկրների, որտեղ տեղի են ունեցել հեղափոխություններ, Ասադի իշխանությունը դեռ բավականին ամուր է:

Ֆրանսիական «Լե Մոնդը» գրում է, որ ճիշտ չէ Սիրիան համեմատել Լիբիայի հետ: Ասադին աջակցում են բանակը, ոստիկանությունը, պետական կառավարման բոլոր օղակները և ամենակարևորը` երկրի բնակչության զգալի մասը: Թեև ընդդիմությունը կարողանում է հարվածներ հասցնել կառավարական զորքերին, սակայն այն համախմբված չէ և համեմատաբար թույլ է: Մյուս կարևոր խնդիրը ռուսական աջակցությունն է: Սիրիան Ռուսաստանի համար զենքի հսկայական շուկա է, քանի որ սիրիական բանակը գրեթե ամբողջությամբ օգտագործում է ռուսական սպառազինությունը: Բացի այդ, Սիրիայում է գտնվում ռուսական ռազմակայանը, որը միակն է ամբողջ Մերձավոր Արևելքում: Թեև Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ չի պաշտպանում Ասադին, սակայն չի հայտարարել նաև հակառակը: Խնդրի լուծումը, ըստ թերթի, տնտեսական պատժամիջոցների կիրառումն է, որը ժամանակի ընթացքում կթուլացնի սիրիական իշխանություններին:

Արևմուտքը, հատկապես Միացյալ Նահանգները, սիրիական ճգնաժամի լուծումը պայմանավորում է Ռուսաստանի աջակցությամբ և այդ պատճառով շարունակվում են տարբեր մակարդակների շփումները ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչների հետ: Հունիսի 8-ին ՌԴ արտգործնախարարի տեղակալներ Գենադի Գատիլովը և Միխայիլ Բոգդանովը ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչ Ֆրեդ Հոֆի հետ քննարկել են սիրիական խնդիրը: Ամերիկյան դիրքորոշումը Ասադի հեռացումն է, որի իրականացման համար ռուսական գործոնը վճռորոշ է: Ռուսաստանն իր հերթին նշում է, որ դրան կհամաձայնի միայն այն դեպքում, եթե դա լինի «սիրիացիների միջև ընթացող համընդհանուր քաղաքական գործընթացների արդյունքում և չկրի պարտադիր բնույթ»: Նշենք նաև, որ հունիսի 7-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը և Չինաստանը երկու անգամ վետո են դրել ՄԱԿ ԱԽ` Սիրիայի իշխանություններին դատապարտող բանաձևի վրա և դեմ են արտահայտվել արտաքին միջամտությանը:

Քոֆի Անանի և ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնի հունիսի 9-ի հանդիպումից հետո, պետդեպի մամուլի քարտուղարը հայտնել է, որ քննարկվել է խնդրի կարգավորման հարցում միջազգային համաձայնության գալու կարևորությունը: «Մենք ակտիվորեն աշխատում ենք Ռուսաստանի հետ, և ձգտում ենք, որ Մոսկվան իր մասնակցությունն ունենա ընդհանուր քաղաքական ռազմավարության հարցում: Քոֆի Անանը նույնպես աշխատում է Ռուսաստանի հետ»,- ընդգծել է մամուլի խոսնակ Վիկտորիա Նուլանդը:

Ոչ պակաս ուշագրավ է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հունիսի 9-ին հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ Սիրիայի ընդդիմությունը ղեկավարվում է արտաքին ուժերի կողմից: «Բավարար տեղեկություններ կան ընդդիմությանը զենք և այլ անհրաժեշտ միջոցներ մատակարարելու մասին»,- ասել է Լավրովը: Նա նշել է, որ Մոսկվան նույնիսկ տեղյակ է, թե ովքեր են սիրիական ընդդիմության տարբեր զինված խմբերի ղեկավարները:

Ռուսաստանը կարծես թե պատրաստվում է սիրիական զզարգացումների բոլոր հնարավոր սցենարներին, այդ թվում` ռազմական միջամտությանը: Թերևս պատահական չէ, որ վերջերս ՌԴ մի շարք ստորաբաժանումներ, այդ թվում Պսկովի օդադեսանտային դիվիզիան, սկսել են ակտիվորեն նախապատրաստվել խաղաղարար առաքելությունների իրականացմանը:

3 responses to “Սիրիական թնջուկ. հանգուցալուծումը չի երևում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *