Թուրքիայում քննարկվել են երկրին սպառնացող վտանգները

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը Թուրքիայի դեսպանների 7-րդ կոնֆերանսի ժամանակ խոսել է Սիրիայում տիրող իրադրության, «ալ-Նուսրայի ճակատի» և «Իսալամական պետության» կողմից աճող վտանգի, Թուրքիայի վրա հարձակման վտանգի աճի մասին։

Թուրքիայի Ազգային հետախուզական վարչության պետ Հաքան Ֆիդանը

Թուրքիայի Ազգային հետախուզական վարչության պետ Հաքան Ֆիդանը

Թուրքական ձախ ազատական  «Ռադիկալ» օրաթերթի կայքի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ նիստին մասնակցել է նաև Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ով ըստ կարգի պետք է ղեկավարեր դեսպանների ժողովը՝ Ֆիդանի և Գյուլերի ներկայության պայմաններում ժողովի անցկացումը վստահել է փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուին։

Թերթը նշում է, որ ժողովի հիմնական թեման եղել է «Իսլամական պետության» հարցը։ Ֆիդանն ընդգծել է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում անհրաժեշտ է ավելի ընդգրկուն մարտավարություն մշակել՝ միաժամանակ նշելով, որ Սիրիայում «ալ-Նուսրայի ճակատն» ավելի վտանգավոր է, քան ԻՊ-ն։ Նա հավելել է, որ իսլամական խմբավորումների առավել արմատականացումը Թուրքիայի համար մեծ վտանգ է ներկայացնում, և վերջինս պետք է դա կանգնեցնի։

Հավելենք նաև , որ թուրքական մի շարք թերթերի, այդ թվում նաև «Ռադիկալ»-ի հաղորդած տվյալների համաձայն՝ հունվարի 6-ին Ստամբուլի Սուլթանահմեդ թաղամասում մեկ ոստիկանի մահվան պատճառ դարձած մահապարտ կինը «Իսլամական պետության» անդամ է եղել։

Նշելով, որ Թուրքիայի համար վտանգը մեծանում է՝ Ֆիդանը դեսպաններին հրահանգել է հանգիստ թողնել քրդական հարցը և գյուլենական համայնքին , իսկ ԳՇ պետի տեղակալը հայտարարել է, որ դեսպանները պետք է շարժվեն պետությունից ստացած հրահանգներով։

Բացի այդ , ժողովի մասնակիցները
(մասնավորապես մի շարք եվրոպական երկրներում Թուրքիայի դեսպաններ) նշել են, որ ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով Եվրոպայի թուրքերը մեծ վտանգի առաջ են հայտնվել՝ մուսուլմանների հանդեպ աճող հակակրանքի պայմաններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *