ՊՆ-ում քննարկվել են ձմեռային զորակոչը և առաջնագծի իրավիճակը

Հունվարի 8-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որտեղ ամփոփվել են առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված աշխատանքներ: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը:

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ձմեռային ուսումնական փուլի, ինչպես նաև ԶՈւ կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների պլանավորման առանցքային հարցերը: Անդրադարձ է եղել նաև մեկնարկած ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման միջոցառումներին:

Նիստը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների և առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը զեկուցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան օրերին գրանցված միջադեպերի, հակառակորդի սադրիչ գործողությունների և դրանց ի պատասխան ձեռնարկված քայլերի վերաբերյալ:

Հաշվի առնելով եղանակային պայմանների վատթարացումը` Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է զորամասերում անհրաժեշտ ջեռուցման պայմանների ապահովման, անձնակազմի հիվանդացության և ցրտահարության դեպքերի բացառման, զինվորների` հատկապես նորակոչիկների առողջական գանգատներին լրջորեն արձագանքելու վրա: Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ և նախանշել առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *