Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ մինչև հունվարի 8-ը «գումար ծառայության փոխարեն» օրենքից օգտվել է Թուրքիայի մոտ 66 հազար քաղաքացի։ Այս մասին հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ «գումար ծառայության փոխարեն» օրենքը Թուրքիայում ներդրվել էր դեռևս 2011-ին, սակայն այն ժամանակ ծառայությունից ազատվելու համար անհրաժեշտ էր 30 հազար թուրքական լիրա վճարել, իսկ 2014-ի դեկտեմբերին կատարված փոփոխումներից հետո՝ 18 հազար լիրա (մոտ 7,6 հազար ԱՄՆ դոլար)։
2014թ դեկտեմբերի 19-ին Յըլմազը հայտարարել էր, որ ծրագրի մեկնարկի առաջին երկու օրերի ընթացքում՝ դեկտեմբերի 13-14-ին, դիմել է Թուրքիայի 5 հազար քաղաքացի։ Իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու հույս էր հայտնել, որ օրենքից կօգտվի 700 հազար քաղաքացի՝ նշելով, որ ծրագրից ստացված եկամուտները կփոխանցվեն Թուրքիայի պետական «Պաշտպանական հիմնադրամին» և կուղղվեն բանակի արդիականացմանը:
Հիշեցնենք, որ օրենքից օգտվելու վերջնաժամկետը 2015-ի փետրվարի 13-ն է։ Այցելելով իրենց զինվորական տեղամաս և ներկայացնելով թուրքական Halkbank, Vakıflar կամ Ziraat բանկերում կատարած 18 հազար լիրա վճարի կտրոնը՝ Թուրքիայի՝ դեռևս պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները կարող են ազատվել ծառայությունից:
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 4-10 հունվարի, 2015 | Ռազմ.info