Հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում` Աղդամի հատվածում, ծանր վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող, 1979-ին ծնված Մամմեդով Շամո Ահմադ օղլուն, ով կոչումով ենթասպա է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Yeni Musavat պարբերականի կայքը։
Աղբյուրը նշում է, որ զինծառայողը վիրավորվել է հայկական կողմի դեմ մարտի ժամանակ և կորցրել է ոտքը։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Թարմացում. Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որ ենթասպա Մամմեդով Շամո Ահմադ օղլուն Աղդամի հատվածում պայթել է ականի վրա։ Առաջին օգնություն ցույց տալուց հետո նրան տեղափոխել են ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալ։ Նշվում է նաև, որ վիրավորի վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 6-ին, Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տարածել էր հաղորդագրություն՝ նշելով, որ «շփման գծի ողջ երկայնքում հակառակորդի ցուցաբերած ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի 3 զինծառայող»: Հաղորդվում էր նաև նրանցից մեկի՝ ԶՈւ 703-րդ բրիգադի զինծառայող, ենթասպա Էլդար Մամեդովի անունը։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, սակայն, հերքում է, թե կրել է որևէ կորուստ։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ հունվարի 4-10, 2015 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հունվարին. Ռազմինֆո | Ռազմ.info