Քոբանի կուղարկվի քրդական փեշմերգեի երրորդ խումբը

Իրաքի քրդական ինքնավարությունը պատրաստվում է քրդական փեշմերգեի երրորդ խումբն ուղարկել Քոբանի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ կռվելու: Այս մասին հունարվի 5-ին հայտարարել է քուրդ պաշտոնյան, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Քրդական փեշմերգեի զինվորները Քոբանիում

Քրդական փեշմերգեի զինվորները Քոբանիում

150 հոգանոց առաջին խումբը Թուրքիայի տարածքով Քոբանի է ուղարկվել 2014-ի հոկտեմբերի 28-ին, որին դեկտեմբերի 6-ին փոխարինել է 106 հոգանոց երկրորդ խումբը: Քուրդ պաշտոնյան հայտարարել է, որ փեշմերգեի զինվորների հերթափոխը պայմանավորված է զինվորների հոգնածությամբ:

Երրորդ խումբը, ըստ «Անադոլուի» փոխանցած տվյալների, 156 հոգանոց է և Քոբանի է հասնելու Թուրքիայի տարածքով: Սակայն քրդական BasNews լրատավական կայքը հաղորդում է, որ երրորդ խմբով նախատեսված է Քոբանի ուղարկել 106 զինվոր: Համաձայն լրատվամիջոցի տվյալների՝  հերթափոխ լինելու է յուրաքանչյուր ամիս:

Քոբանիի տարածքի 75%-ն այժմ քրդերի վերահսկողության տակ է: Քաղաքի բնակչությունն այս պահին մոտ 460,000 է. Ճնշող մեծամասնությունը քրդեր են:

Ավելացնենք, որ քրդաբնակ Քոբանի (Այն ալ Արաբ) քաղաքը դեռևս 2014-ի սեպտեմբերից թեժ մարտերի մեջ է: Քաղաքը թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում է ու հյուսիսում սահմանակից է հենց Թուրքիային: Քաղաքը ռազմավարական նշանակություն ունի Սիրիայի հյուսիսային հատվածի համար, ինչի պատճառով էլ «Իսլամական պետությունը» մեծ ուժեր է կենտրոնացրել քաղաքի գրավման համար:

Իսլամիստների հետ քաղաքում կռվում են հիմնականում տեղի քրդերը: Թուրքիայի իշխանությունները, չնայած ամերիկյան կողմի բազմաթիվ կոչերին, տևական ժամանակ հրաժարվում էին միջանցք բացել քրդական Փեշմերգե զորաջոկատների համար, որոնց նպատակը քաղաքի քրդերին օգնության հասնելն էր:

Այս դիրքորոշումը փոխվեց միայն հոկտեմբերի 20-ին. Թուրքիան տրամադրեց այդ միջանցքը՝ պայմանով, որ դրանով փոխադրվի միայն կենդանի ուժ՝ առանց զենքի։ Իսկ ահա սպառազինության մատակարարման հարցը փորձեց լուծել Միացյալ Նահանգները՝ օդային ճանապարհով զենք և զինամթերք իջեցնելով քաղաքում կռվող քրդերին։

One response to “Քոբանի կուղարկվի քրդական փեշմերգեի երրորդ խումբը

  1. Pingback: Քոբանիում է քրդական Փեշմերգեի երրորդ խումբը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *