Հազարավոր կամավորներ ցանկանում են մեկնել սահման. իրավիճակը վերհսկում են հայ զինվորները. օրվա ամփոփում

Քաղաքական կուսակցություններն ադրբեջանական սադրանքը դատապարտող հայտարարություններ են արել: ՀՀ ՊՆ-ն հերքել է այն լուրերը, թե սահմաններն այժմ Արցախյան ազատամարտի մասնակիցներն են պահում: Իսկ նման խոսակցությունները սկիզբ են առել այն բանից հետո, երբ  Արցախյան ազատամարտի մասնակիցները ցանկություն հայտնեցին մեկնել սահման: Սահմանում իրավիճակը ներկայումս խիստ հսկողության տակ է և նախկինի պես պաշտպանվում է ժամկետային ու պայմանագրային զինծառայողների կողմից:

  • Սահմանին վիրավորված հայ զինվորների վիճակը բավարար է. նրանք պատրաստ են բուժումից հետո շարունակել ծառայությունը:
  • ՊՆ մամլո խոսնակ Մուշեղ Աղեկյանը  հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանի դիրքերում 18-ամյա ժամկետային զինծառայողներին բանակի սպայական կազմը չի փոխարինում: Նա նաև հավելել է, որ ՊՆ-ում նման քննարկումներ չեն էլ եղել:
  • Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն  հայտարարել է, որ ՌԴ-ն, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԼՂ խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով և դատապարտում է ռազմական մոտեցումը:
  • Այն հարցին, թե՝ դիվերսիոն գործողություններ կազմակերպելով Ադրբեջանն ինչ խնդիր է լուծում, ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանն ասել է. «Ադրբեջանը երկու հիմնական խնդիր է լուծում՝ արտաքին և ներքին: Նախ՝ հասարակության ուշադրությունը շեղում է ներքին հասարակական խնդիրներից, երկրորդ՝ Հայաստանին միջազգային հանրության աչքում ագրեսոր ներկայացնում»:
  • «Կարծում եմ, որ Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը չի վերահսկում սեփական բանակում տիրող իրավիճակը»,- ասել է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
  • «Տավուշի սահմանապահ բրիգադը» հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ պատերազմի դեպքում Ղազախը կմիացնեն Տավուշին:
  • Ամերիկայի Հայ դատի գրասենյակը 7 կետից բաղկացած քաղաքական առաջարկություններ է ներկայացրել Օբամայի ադմինիստրացիային և ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ դադարեցնելու Բաքվի ագրեսիան և աջակցելու ՀՀ և ԼՂՀ հետ Ադրբեջանի ունեցած հակամարտության ժողովրդավարական լուծմանը:
  • « Հունիսի 4-ի դիվերսիոն գործողությունից հետո, որի ընթացքում մեր բանակը տվեց 3 զոհ, 5 հոգի վիրավորվեց, ադրբեջանական ուժերը, մեր հաշվարկներով, կորցրել են առնվազն 47 զինվոր»,- ասել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:
  • «Կա ոչ թե հանդուրժողականություն, այլ համարժեք պատասխան, որոնց արդյունքում հակառակորդը մի քանի անգամ ավելի շատ կորուստներ է կրել»,- ասել է  ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը՝ հավելելով, որ սահմանին տեղի ունեցած իրադարձությունները զորակոչի վրա չեն ազդում: Գեղամ Հարությունյանը նաև նշել է, որ բանակին հիվանդ զինվորներ պետք չեն:
  • «Միջազգային փորձագետներն էլ են վկայում, որ իր առջև ծառացած  խնդիրները տարածաշրջանում ռազմական ճանապարհով լուծելու ընդունակ միակ պետությունը ՀՀ-ն է»,- նշել է Արկադի Տեր-Թադևոսյանը և հավելել, որ եթե Ադրբեջանը պատրաստ լիներ կռվի, ապա վերջին իրադարձությունները առիթ կդառնային կռիվը վերսկսելու համար:
  • Հայոց Բանակի պահեստի սպա Արթուր Եղիազարյանը իր Facebook-յան էջում գրում է, որ երկու օրվա ընթացքում կամավոր զինվորագրվելու ցանկությամբ արդեն 6894 հաղորդագրություն է ստացել Facebook սոցիալական ցանցում և էլեկտրոնային փոստով:
  • «Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի, որ ագրեսիայի դիմելու և լայնածավալ պատերազմ հրահրելու դեպքում հանդիպելու է ՀՀ ու ԼՂՀ զինված ուժերի և ժողովրդի միահամուռ դիմադրությանը»,- հայտարարել է ՀԱԿ-ը։
  • «Անցանկալի, բայցեւ ցանկացած պատերազմում մենք կլինենք առաջին գծում»,- նշվում է «Ժառանգության» հայտարարությունում:
  • Երեկ ադրբեջանական մամուլը լուրեր էր հրապարակել, թե հայկական կողմը Ֆիզուլիի ուղղությամբ անցել է լայնամասշտաբ հարձակման: Նման հրապարակման նպատակը մեկն էր՝ լեգալիզացնել հայկական դիրքերի ուղղությամբ կատարած հարձակման հետևանքով առկա իրենց զոհերին:
  • ԱՄՆ դեսպանությունը հյուրընկալել է ռազմական դասընթացների շրջանավարտներին:

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել է, թե Իսրայելը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ բարեկամությունը, որը կառուցված է Հեյդար Ալիևի կողմից դրված հիմքի վրա:

Ըստ Պենտագոնի հրապարակած տվյալների` ԱՄՆ-ի բանակում ինքնասպանությունների աննախադեպ աճ է տեղի ունեցել: 2012 թ.-ի առաջին 155 օրերի ընթացքում զինվորների շրջանում ինքնասպանության 154 դեպք է գրանցվել:

Razm.info-ն այսօր անդրադարձել էր

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *