Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում ամփոփվել են անցնող տարվա արդյունքները

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում ամփոփվել են անցնող տարվա մարտական պատրաստության արդյունքները: Նախորդ տարվա համեմատ 4,5 անգամ ավելացել են կրակային պատրաստության, մարտական մեքենաների վարման, ուղղաթիռների ու ինքնաթիռների թռիչքների պարապմունքները: Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

«Ստրելա-10» զնեիթահրթիռային համալիրը 102-րդ ռազմաբազայի զորավարժության ժամանակ

«Ստրելա-10» զնեիթահրթիռային համալիրը 102-րդ ռազմաբազայի զորավարժության ժամանակ

Նշվում է, որ անհատական զենքերից հրաձգություն է կատարվել 3500 անգամ, մարտական մեքենաներից՝ 500 անգամ: Մարտական մեքենաների վարման ժամանակ կատարվել է ավելի քան 2200 առաջադրանք և մոտ 1500 ստուգողական վարժություն:

Հայաստանում ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի այլ ՀՕՊ ստորաբաժանումների հետ Ռուսաստանի Կապուստին Յառ զորավարժարանում մասնակցել են զորավարժության, որի ընթացքում տարբեր, այդ թվում և խմբային թիրախների վրա կրակել են զենիթահրթիռային «Բուկ Մ1/2» համալիրներից, Ս-300Վ համակարգից, ինչպես նաև «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրից:

Էրեբունիում տեղակայված ավիաբազայի օդաչուները կատարել են ավելի քան 500 թռիչք, ինչի արդյունքում անձնակազմի ընդհանուր թռիչքային ժամանակը գերազանցել է 2000 ժամը:

Տարվա ամփոփման արդյունքում ճանաչվել են նաև ռազմաբազայի լավագույն ստորաբաժանումներն ու զինծառայողները, որոնց էլ տրվել են պատվոգրեր, թանկարժեք նվերներ ու փոխանցիկ գավաթներ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: Բազան հագեցած է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով,  զենիթահրթիռային «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ համակարգերով ու համալիրներով, «Կոնկուրս» հակատանկային համալիրով, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով, 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով և Տ-72Բ տանկերով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *