Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի դեկտեմբերի 1-ից 31-ն ունեցել են 3 զոհ և 2 վիրավոր։ 2013 թվականի նույն ժամանակահատվածում հայկական զինված ուժերն ունեցել է 2 կորուստ:
Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:
Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։
Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։
Կորուստներ
Դեկտեմբեր ամսվա 3 կորուստներից 1-ը մարտական է, մյուս 2-ը` ոչ մարտական: 3 միջադեպն էլ գրանցվել է Պաշտպանության բանակում։
Մարտական կորուստ
-Դեկտեմբերի 8-ին հայ–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը:
Ոչ մարտական կորուստներ
-Դեկտեմբերի 4-ին ժամը 15:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ մատնադրոշմային, դատաձգաբանական-դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:
-Դեկտեմբերի 21-ին Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել են մահացած զինծառայողի դասակի հրամանատարը և երկու շարքային զինծառայող։
Վիրավորներ
-Դեկտեմբերի 3-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտում ծնկի վերևի հատվածում վիրավորվել է պայմանագրային զինծառայող, Նոյեմբերյան քաղաքի 20-ամյա բնակիչ Կարեն Գագիկի Անանյանը:
” Եվս մեկ վիրավորի մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 29-ին, սակայն, ըստ ունեցած տեղեկությունների, զինծառայողը հակառակորդի կրակոցից վիրավորվել է ավելի վաղ: Պաշտոնական հաստատում դեռևս չկա:
Այսպիսով՝
Հունվար – 4 զոհ և 1 վիրավոր
Փետրվար – 1 զոհ
Մարտ – 5 զոհ և 2 վիրավոր
Ապրիլ – 1 զոհ և 1 վիրավոր
Մայիս – 5 զոհ և 5 վիրավոր
Հունիս – 7 զոհ և 1 վիրավոր
Հուլիս – 8 զոհ և 2 վիրավոր
Օգոստոս – 4 զոհ և 7 վիրավոր
Սեպտեմբեր – 3 զոհ և 14 վիրավոր
Հոկտեմբեր – 1 զոհ և 1 վիրավոր
Նոյեմբեր – 4 զոհ
Դեկտեմբեր- 3 զոհ և 2 վիրավոր
2014 թվականի հունվարից նոյեմբեր ժամանահատվածում հայկական զինուժը կորցրել է 46 զինծառայող։
Աղբյուրներ
Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։