Դեկտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների հրամկազմը և Պաշտպանության բանակի ղեկավար կազմը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ կայքը:

Աշխատանքների ամփոփմանը տեսակապի միջոցով մասնակցել են նաև բանակային զորամիավորումների ու Պաշտպանության բանակի հրամանատարական կազմերը
Տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի տեղակալները, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Բացելով խորհրդակցությունը` պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների նախաշեմին, ինչպես նաև տոնական և հետտոնական օրերին պետք է առավել կենտրոնացնել ջանքերը, պատճաշ և բարձր մակարդակով իրականացնել բոլոր միջոցառումները` հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար:
Խորհրդակցության ընթացքում ենթակա զորամասերում անցկացված ամփոփիչ ստուգումների նախնական արդյունքների, Ամանորի և Սուրբ ծննդի տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին տեսակապի միջոցով հաշվետու զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորումների հրամանատարները: Ներկայացվել են առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ուսումնական հաջորդ տարվա նախապատրաստական փուլի աշխատանքների պլանավորման առանցքային հարցերը:
Տարվա ընթացքում կատարված աշխատանքների և առկա խնդիրների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել նաև ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետեր` ընդգծելով, որ ուսումնական տարվա շրջանակում մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքները շարունակվել են պլանային կարգով:
Ամփոփելով խորհրդակցությունը` պաշտպանության նախարարը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականեր` ներկայացնելով նաև 2015թ տարեմուտի ուղերձի առանցքային կետերը: Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հատկապես տոնական օրերին զորամասերում ուժեղացված ռեժիմով վերահսկողություն սահմանելու, անձնակազմի զգոնությունը բարձրացնելու հարցերի վրա: Պաշտպանության նախարարը հրահանգել է նաև խիստ հետևողական լինել զորամասերում անհրաժեշտ ջեռուցման պայմաններն ապահովելու, անձնակազմի ցրտահարության դեպքերը բացառելու, ինչպես նաև ժամկետային զինծառայողների, հատկապես նորակոչիկների առողջական գանգատների նկատմամբ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահություն է հայտնել, որ միասնական աշխատանքի շնորհիվ 2015-ին ազգային բանակը դարձյալ պատվով կհաղթահարի բոլոր դժվարությունները, ամուր կպաշտպանի մեր սահմանները և կապահովի հայ ժողովրդի խաղաղ արարումը:
Խորհրդակցությունը եզրափակվել է ամանորյա շնորհավորանքներով և առողջության, երջանկության, հանդուրժողականության, անձնական ու ծառայողական նորանոր հաջողությունների մաղթանքներով: