Ռազմաշաբաթ. Ադրբեջան. դեկտեմբերի 21-27, 2014

Ադրբեջանը հայտարարում է, որ գերեվարել է ՊԲ զինծառայողի • Ադրբեջանն ու Բահրեյնը ստորագրել են ռազմական համագործակցության ընդլայնման պլան • Բարենային վառելիքային ապահովման ծառայությունների պետերի հավաք • Պաշտպանական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է սեփական արտադրության որսորդական հրացաններ • Ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստ Մոսկվայում • Հասանելի է դարձել ադրբեջանակ զինուժի «Վենա» ինքնագնաց հրանոթների լուսանկարը • Իլհամ Ալիևի ծննդյան օրը մի խումբ սպաներ ստացել են գնդապետի զինվորական կոչում։

Զաքիր Հասանովը գնդապետի կոչում է շնորհում

Զաքիր Հասանովը գնդապետի կոչում է շնորհում

Դեկտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որ Աղդամի հատվածում պաշտպանության բանակի ստորաբաժանումների անհաջող դիվերսիոն գործողություն հետևանքով ադրբեջանցիները գերի են վերցրել ՊԲ զինծառայող Արսեն Բաղդասարյանին: Ավելի ուշ ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է հայկական կողմի դիվերսիայի մասին տեղեկատվությունը, սակայն չի հերքել զինծառայողի գերեվարման փաստը։

Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը 2014-ի դեկտեմբերի 25-ին պաշտոնական այցով մեկնել է Բահրեյնի Թագավորություն, որտեղ հանդիպել է թագավորին, զինված ուժերի գլխավոր հրամանատարին, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարներին։ Այցի ընթացքում ստորագրվել է նաև ռազմական համագործակցության ընդլայնման պլանը։

Ներկայիս Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում դեկտեմբերի 20-ին անցկացրել է ԶՈւ զորամիավորումների, սորաբաժանումների և առանձին զորամասերի իրային ու պարենային ծառայության պետերի հավաք, որի ընթացքում խոսվել է վերջին տարիններին իրային և պարենային ծառայությունում կատարված բարեփոխումների մասին։ Օրեր անց, նմանատիպ հավաք են անցկացրել նաև վառելիքա-քսուքային նյութերի մատակարարման ծառայության պետերը։

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայում դեկտեմբերի 24-ին մեկնարկել է Ինտելեկտուալ սեփականության և ինովացիաների համապետական ցուցահանդես, որի ընթացքում սեփական արտադրության որսորդական հրացաններ է ներակայացրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը։ Դրանցից մեկը երկփող է, մյուսը՝ միափող, կիսաավտոմատ։ Երկու հրացաններն էլ օգտագործում են 12 տրամաչափի (18,5մմ) փամփուշտներ։

Պաշտպանական արդյունաբերության ներկայացրած որսորդական հրացանները

Պաշտպանական արդյունաբերության ներկայացրած որսորդական հրացանները

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում 2014-ի դեկտեմբերի 17-ին կայացել է Ռուսաստան-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության միջառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև հստակեցվել հետագա համագործակցության ուղղությունները։ Տեղեկությունն այս մասին ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը հրապարակել է դեկտեմբերի 23-ին։

Ադրբեջանի ՊՆ-ն դեկտեմբերի 23-ին հրապարակել է Ջամշիդ Նախիջևանսկու անվան ռազմական ուսումնարանի կուրսանտների մասնագիտական դասընթացները ներկայացնող հաղորդագրություն, որին կից լուսանկարներից մեկում տեղ է գտել նաև ադրբեջանական զինուժը համեմատաբար վերջերս համալրած 2Ս31 «Վենա» ինքնագնաց հրետանային հրանոթը։
Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տվյալների համաձայն, Ադրբեջանը «Վենա» ինքնագնաց հրետանային հրանոթերի 18 միավոր ՌԴ-ին պատվիրել էր 2011-ին՝ ակնկալելով ստանալ դրանք 2013-ին։ Կենտրոնը գործարքի արժեքը գնահատել է 40 միլիոն դոլարի շրջակայքում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 24-ին, պաշտպանության նախարարությունում կայացել է հանդիսավոր արարողություն, որի ընթացքում Զաքիր Հասանովը մի շարք զորատեսակների և զորամիավորումների ներկայացուցիչներին շնորհել է գնդապետի զինվորական կոչում։ Դատելով սպաների կրծքին ամրացված տարբերանշաններից, դնապետի կոչում ստացողների թվում են ցամաքային զորքերի, բանակային 2-րդ և 4-րդ կորպուսների, գլխավոր շտաբի և ռազմական ակադեմիայի ներկայացուցիչները։

Ռազմաշաբաթը նաև Հայաստանում

One response to “Ռազմաշաբաթ. Ադրբեջան. դեկտեմբերի 21-27, 2014

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. դեկտեմբերի 21-27, 2014 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *