Գերմանական BICC (Bonn International Center for Conversion) կենտրոնը դեկտեմբերի 9-ին հրապարակել է իր ամենամյա «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս» (Global Militarization Index 2014, GMI-2014) հետազոտությունը, որի դասակարգման մեջ Հայաստանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Հայաստանից այս ցուցանիշով առաջ են անցել միայն Իսրայելն ու Սինգապուրը: Հարևաններից Ադրբեջանը 10-րդ տեղում է, Թուրքիան՝ 24-րդ, Իրանը՝ 30-րդ, Վրաստանը՝ 47-րդ:
Հետազոտությունը բավական հետաքրքրություն առաջացրեց Հայաստանում (և ոչ միայն Հայաստանում), սակայն դրա իրական արժեքն ու համատեքստը հասկանալու համար անհրաժեշտ է քննել հետազոտության մեթոդները, ինչպես նաև նախկին հրապարակումները:
Չափանիշներն ու ինդեքսի հաշվարկը
Ինստիտուտը հետազոտել է աշխարհի 151 երկիր՝ հիմնվելով տարբեր չափանիշների վրա: Չափանիշները հստակորեն ներկայացվում են հրապարակման մեջ, ու հիմնականում տրվում է նաև բացատրություն, թե ինչու է ինստիտուտը քննել հենց այդ չափանիշը:
Այսպիսով, հետազոտությունն արվել է վեց չափանիշների հիման վրա.
- Երկրի ռազմական ծախսերի տոկոսը՝ նույն երկրի ՀՆԱ-ի մեջ
- Երկրի ռազմական ծախսերի հարաբերությունը երկրի առողջապահական ծախսերին
- Երկրի զինված ուժերի ու այլ զորքերի (ռազմականացված ստորաբաժանումների) անձնակազմի քանակի հարաբերությունը երկրի ընդհանուր բնակչության քանակին
- Երկրի զինված ուժերի և այլ զորքերի (ռազմականացված ստորաբաժանումների) պահեստի զինծառայողների քանակի հարաբերությունը երկրի ընդհանուր բնակչության քանակին
- Երկրի զինված ուժերի ու այլ զորքերի (ռազմականացված ստորաբաժանումների) անձնակազմի քանակի հարաբերությունը երկրի բժշկական անձնակազմի քանակին
- Երկրի ԶՈւ և այլ զորքերի ծանր սպառազինության ընդհանուր քանակի հարաբերությունը երկրի ամբողջ բնակչության քանակին:
Չափանիշների թվային արդյունքները համադրվում են ու նորմալիզացվում 0-ից 1000 սանդղակով, ինչի արդյունքում ստացվում է ամեն երկրի առանձին ինդեքսը, որով էլ երկրները զբաղեցնում են այս կամ այն տեղը:
Չափանիշների մեջ հետաքրքիր է ռազմական ու առողջապահական ոլորտների համեմատությունը: Բժշկական ու «զինվորական» անձնակազմերի քանակի համեմատությունը հետազոտությունն անողները բացատրում են այսպես. բժշկական անձնակազմերի քանակը ռազմական ոլորտից անկախ սոցիալական խմբի չափորոշիչ է, ինչի հետ կարելի է համեմատել զինված ուժերի ու այլ զորքերի անձնակազմի քանակը՝ պարզելու համար, թե երկրից երկիր որքան է տարբերվում «զինվորականների» քանակը «զուտ քաղաքացիականների» համեմատությամբ: Իսկ ռազմական ու առողջապահական ծախսերի համեմատության նպատակն ընդհանրապես չի մեկնաբանվում:
Սակայն օրինակ Հայաստանում բժշկական համալսարան ավարտած արական սեռի շրջանավարտները նույնպես ծառայության են անցնում զինված ուժերում, իսկ դրանից հետո էլ համալրում են զինված ուժերի պահեստը, այս դեպքում նշված բժիշկները լինում են ինչպես ԶՈւ (հետո՝ պահեստի), այնպես էլ քաղաքացիական բնակչության մաս: Նման խնդիր է նաև առողջապահական ծախսերի համեմատությունը ռազմականի հետ, որովհետև հակամարտություններ ունեցող երկրները շահագրգռված են լինում ավելացնել առողջապահության հատկացվող գումարները, հիվանդանոցներ, հոսպիտալներ բացել՝ ռազմական գործողությունների դեպքում վիրավորների վերականգնումն ապահովելու նպատակով: Այսպիսով, բժշկական, առողջապահական ոլորտը որպես «զուտ քաղաքացիական» ներկայացնելն արդյունավետ չէ: Դրա համար կարելի էր որպես «զուտ քաղաքացիական» վերցնել մեկ այլ մասնագիտություն, որը որևէ կապ չունի ռազմական ոլորտի հետ:
Առաջին հայացքից խնդրահարույց է թվում նաև պահեստազորի քանակը որպես չափանիշ վերցնելը, սակայն հետազոտությունը օրինակ է բերում Շվեյցարիան ու նշում, որ այնտեղ կան փոքր անձնակազմ ունեցող զինված ստորաբաժանումներ, սակայն կա լավ պատրաստված ու օպերատիվ պահեստուժ, ինչը մեծ ազդեցություն է ունենում երկրի ռազմականացվածության վրա:
Հետաքրքիր է ներկայացվում նաև երկրի զինված ստորաբաժանումների անձնակազմի ընդհանուր քանակը: Այստեղ հենց զինված ուժերից բացի ներառվում են նաև այն ստորաբաժանումները, որոնք վերահսկվում են կառավարությունների կողմից, սպառազինված են, ունեն համազգեստ ու կայազորներ: Այս ստորաբաժանումներն, ըստ հետազոտողների, անհրաժեշտության դեպքում նույնպես կարող են ներգրավվել ռազմական գործողություններին, հետևաբար նույնպես ազդում են երկրի ռազմականացվածության աստիճանի վրա:
Որպես երկրի ռազմականացվածության վրա գործոն՝ հետազոտողները վերցրել են ծանր սպառազինության (զինատեսակների) քանակի հարաբերությունը երկրի բնակչության թվաքանակին: Հարկ է նշել, որ ծանր սպառազինություն են համարվում օրինակ թեթև ու հիմնական մարտական տանկերը, զրահապատ մարտական մեքենաները, այդ թվում՝ ՀՄՄ-ներն ու զրահափոխադրիչները, 100մմ և ավելի մեծ տրամաչափով հրետանային միջոցները, համազարկային կրակի ռեակտիվ կայանները, մարտական ինքնաթիռներն ու հարվածային ուղղաթիռները, խոշոր ռազմանավերը, սուզանավերը և այլն: Հետազոտողները նշում են, որ իրենք ծանր սպառազինության հետ չեն վերցրել «թեթև» սպառազինության քանակը, որովհետև վերջիններիս մասին տվյալները սովորաբար խիստ կասկածելի ու անհաստատ են լինում:
(Հետազոտության համար օգտագործված տվյալները BICC ինստիտուտի մասնագետները վերցրել են մի շարք հեղինակավոր աղբյուրներից. երկրների ՀՆԱ-ների մասին տվյալներն ինստիտուտը վերցրել է Արժույթի միջազգային հիմնադրամից, երկրների բնակչության մասին տվյալները՝ ՄԱԿ-ի բնակչության ու բնական աճի զեկույցից, ռազմական ծախսերը՝ SIPRI (Stockholm International Peace Research Institute) ինստիտուտի հրապարակումներից, առողջապահական ծախսերն ու բժշկական անձնակազմերի քանակը՝ Առողջապահության միջազգային կազմակերպության հրապարակումներից, սպառազինության մասին տվյալները՝ IISS (International Institute for Strategic Studies) ինստիտուտի Military balance ամենամյա զեկույցից):
Նախորդ տարիների զեկույցները
Հայաստանի՝ հետազոտության մեջ երրորդ հորիզոնական զբաղեցնելը կարծես անսպասելի էր գոնե Հայաստանի մեդիադաշտի համար, սակայն պետք է նշել, որ անկախությունից ի վեր Հայաստանը մշտապես եղել է այս դասակարգման եթե ոչ առաջին տասնյակում, ապա դրան շատ մոտ: Մասնավորապես Հայաստանի ամենաբարձր ցուցանիշը եղել է առաջին տեղը (1992 թվականին), իսկ ամենացածր ցուցանիշը եղել է 13-րդը (2001 թվական):
Սակայն սրանք բացարձակ թվեր չեն ու պայմանավորված են այլ երկրների գրանցած ցուցանիշներով: Բացարձակ թվերով պատկերն այլ է: Մասնավորապես 0-ից 1000 միավոր սանդղակով (տարբեր տարիների տվյալները համադրելի են) վերջին երկու տարիներին Հայաստանը գրանցում է 782,99 ու 783,09 նիշեր, մինչդեռ դրանից առաջ՝ մինչև 1992 թվականը, Հայաստանի միջին ցուցանիշը եղել է 842 միավորը, ցուցանիշը տատանվելով 820-ից 860 միավորի սահմաններում:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Հայաստանի արևելյան հարևանը անկախանալուց ի վեր հիմնականում եղել է GMI դասակարգման երկրորդ տասնյակում, և միայն վերջին երեք տարիներին է, որ զբաղեցնում է իններորդ (2012) ու տասներորդ (2011, 2013) հորիզոնականները:
Մյուս կողմից այս երկրի պարագայում նույնպես բացարձակ թվերը այլ բան են ասում: Մասնավորապես վերջին երկու տարիներին Ադրբեջանը գրանցել է 746,19 ու 746,73 միավորներ, իսկ մինչ այդ նրա ցուցանիշը տատանվել է 780-ից 830 միավորի սահմաններում, իսկ 1992-93 թվականներին մոտեցել է 870 միավորի սահմանին:
Ամփոփում
Global Militarization Index 2014 զեկույցն իր առջև չի դրել աշխարհի երկրների ռազմական հզորությունը համեմատելու խնդիր, ու սա պետք չէ շփոթել: Զեկույցի խնդիրն է ներկայացնել ամեն երկրի ռազմական ոլորտի (ծախսերի, անձնակազմի) ու ընդհանուր կամ «զուտ քաղաքացիական» ոլորտի (ծախսերի, անձնակազմի/բնակչության) համեմատությունները, ցույց տալ, թե երկրի բնակչության ու ծախսերի որ մասն է ուղղված ռազմական ոլորտին:
Չնայած դրան՝ չափանիշներում առողջապահության/բժշկության ոլորտի՝ որպես «զուտ քաղաքացիական» ոլորտ ընտրելը արդյունավետության տեսանկյունից թույլ է ու կարող է որոշակիորեն ազդել ընդհանուր ցուցանիշների վրա:
Թեմայի շուրջ կարող եք լսել նաև հոդվածի հեղինակի հարցազրույցը «Լրատվական ռադիոյին»