Հրապարակվել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի նոր առաքելությունը ղեկավարող երկրների ցանկը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ 2015-ի հունվարի 1-ից «Վճռական աջակցություն» ծրագրի շրջանակներում, Աֆղանստանի ուժային կառույցների  ուսուցումն ու մարզումները կղեկավարեն ԱՄՆ-ը, Գերմանիան, Իտալիան և Թուրքիան։ Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի կայքը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

Ստոլտենբերգը հայտարարել է, որ նոր առաքելությունն իրականացվելու է ՆԱՏՕ-ի անդամ 28, և գործընկեր 14 երկրների 12 հազար զինվորականներով։ ԱՄՆ-ը առաքելությունը ղեկավարելու է Աֆղանստանի հարավային և արևելյան շրջաններում, Գերմանիան՝ հյուսիսային, Իտալիան՝ արևմտյան, իսկ Թուրքիան՝ մայրաքաղաք Քաբուլում։

Նա նշել է, որ Աֆղանստանի անվտանգության ապահովումն ամբողջությամբ իրականացնելու են աֆղանական զինուժն ու ոստիկանությունը, որոնց ընդհանուր քանակը մոտ 350 հազար է։ Սակայն ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների զինված ուժերը կմնան, որպեսզի ուսուցանեն, խորհրդատվություն տրամադրեն և օգնեն աֆղանական զինուժին։

Դեկտեմբերի 22-ին թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը հայտնել էր, որ «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում Թուրքիայի զինված ուժերին վստահվել է Քաբուլի Համիդ Կարզայի անվան միջազգային օդանավակայանի հրամանատարությունը։

«Ալ-Մոնիտոր» կայքի հաղորդած տեղեկության համաձայն՝ նոր առաքելության շրջանակներում Թուրքիան Աֆղանստոնում իր զորքի թիվը 900-ից կհասցնի 1500-ի։ Այդ զինվորականները առաքելություն են իրականացնելու հետևյալ վայրերում՝ Աֆղանստանի հարավային շրջաններում՝ գերմանական զինուժի հրամանատարության ներքո, Քաբուլի միջազգային օդանավակայանում, պատասխանատու են լինելու Քաբուլի զինվորական հոսպիտալի հիվանդների և բուժանձնակազմի անվտանգության համար։

Հիշեցնենք, որ նոր ծրագիրը փոխարինելու է «Աֆղանստանի անվտանգության ապահովման միջազգային ուժերին» (ISAF) և նախնական հայտարարությունների համաձայն լինելու է ոչ մարտական օգնություն։

Նշենք նաև, որ նոյեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ստորագրած հրամանի համաձայն՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գլխավոր քղաքացիական ներկայացուցիչ էր նշանակվել ազգությամբ թուրք Իսմաիլ արամազը, ով մինչ այդ Քաբուլում Թուրքիայի դեսպանն էր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *