ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 23-ին Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որի ընթացքում ստորագրվել է 22 փաստաթուղթ, հայտնում է ՀՀ նախագահի կայքը։
«Մեր կողմից ընդունված փաստաթղթերն ուղղված են ծագող մարտահրավերներին և գոյություն ունեցող հիմնախնդիրներին հավաքական և կոորդինացված արձագանքելուն: Կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության հաջորդական զարգացման գործում միանգամայն տեղին քայլ կլինի Հավաքական ավիացիոն ուժերի ստեղծումը: Նաև կցանկանայի նշել մեր պետությունների ռազմատեխնիկական համագործակցության բարձրացման նպատակով ձեռնարկվող միջոցների կարևորությունը»,- նշել է Սերժ Սարգսյանը։
Նշենք, որ ստորագրված փաստաթղթերից մեկը հենց «ՀԱՊԿ կոլեկտիվ ավիացիոն ուժերի մասին» պայմանագիրն է եղել:
Բանակցություններն ընթացել են նախ նեղ կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների և Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Այնուհետև ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները բանակցությունները շարունակել են պատվիրակությունների անդամների մասնակցությամբ կայացած ընդլայնված կազմով նիստում:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է, որ ՀԱՊԿ գծով համագործակցությունը հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը, և Հայաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել գործընկերների հետ՝ ի շահ Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների ապահովման:
Հայաստանի նախագահը գործընկերներին տեղեկացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի, մասնավորապես ընթացիկ տարում հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը միանգամայն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածության շիկացումը և մեր տարածաշրջանի ռազմականացումը:
Ավելացնենք, որ ՀԱՊԿ-ն հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է: Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա: Դրանից ելնելով՝ ՀԱՊԿ անդամներից մեկի վրա հարձակման դեպքում մյուս անդամները պարտավոր են անհրաժեշտ՝ այդ թվում և ռազմական օգնություն տրամադրել հարձակման ենթարկվող երկրին:
Կազմակերպության մարմիններն են Հավաքական անվտանգության խորհուրդը (կազմակերպության բարձրագույն մարմինն է, որում ընդգրկված են անդամ երկրների նախագահներն ու կազմակերպության գլխավոր քարտուղարը), արտգործնախարարների ու պաշտպանության նախարարների խորհուրդներն, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովը:
Հավելենք, որ 2015թ հունվարի 1-ից Կազմակերպության նախագահությունն անցնում է Տաջիկստանին: