Հրապարակվել է Ադրբեջանի զինուժի «Վենա» ինքնագնաց հրանոթի առաջին լուսանկարներից մեկը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 23-ին հրապարակել է Ջամշիդ Նախիջևանսկու անվան ռազմական ուսումնարանի կուրսանտների մասնագիտական դասընթացները ներկայացնող հաղորդագրություն, որին կից լուսանկարներից մեկում տեղ է գտել նաև ադրբեջանական զինուժը համեմատաբար վերջերս համալրած 2Ս31 «Վենա» (ռուս.՝ САО 2С31 «Вена») ինքնագնաց հրետանային հրանոթը։

Ջամշիդ Նախիջևանսկու անվան ուսումնարանի կուրսանտները «Վենա»-ին ծանոթանալիս

Ջամշիդ Նախիջևանսկու անվան ուսումնարանի կուրսանտները «Վենա»-ին ծանոթանալիս

Նկատենք, որ սա ադրբեջանական զինուժի «Վենա» հրանոթի առաջին լուսանկարներից է, որը հայտնվել է բաց աղբյուրներում։

Հաղորդագրությունում նշվում է, որ ուսումնարանի 3-րդ կուրսի կուրսանտները ծանոթացել են զրահատեխնիկայի մի քանի տեսակներին և դրանց անձնակազմի պատրաստման համար նախատեսված վարժասարքերին։

Նշենք, որ Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տվյալների համաձայն, Ադրբեջանը «Վենա» ինքնագնաց հրետանային հրանոթերի 18 միավոր ՌԴ-ին պատվիրել էր 2011-ին՝ ակնկալելով ստանալ դրանք 2013-ին։ Կենտրոնը գործարքի արժեքը գնահատել է 40 միլիոն դոլարի շրջակայքում։

Ռուսաստանյան արտադրության 2Ս31 «Վենա» ինքնագնաց հրետանային հրանոթը հիմնված է ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենայի շասիի վրա: Այն շահագործվում է 2010-ից, նախատեսված է թիրախները 0,5-ից 14 կմ հեռավորության վրա խոցելու համար։

Հրանոթն ունի 120 մմ-անոց փող, որից կարող է արձակել հրկիզող, բեկորաֆուգասային, կումուլյատիվ և թերմոբարիկ արկեր, ինչպես նաև բեկորաֆուգասային, լուսավորող և ծխաքողարկող ականներ։

4 հոգանոց անձնակազմ ունեցեղ ինքնագնաց հրանոթը ցամաքում կարող է տեղաշարժվել մինչև 70 կմ/ժ, իսկ ջրում՝ մինչև 10 կմ/ժ առավելագույն արագությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *