Բացվեց 2014թ. «Տարվա մարդ» կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուշատախտակը (ֆոտո)

Նեղ ճանապարհն ուղիղ տանում է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանենց տուն։ Ճանապարհին մի կնոջ ենք հանդիպում, փնտրում է Արմենենց տուն տանող ճանապարհը։ «Ես էլ եմ զոհվածի մայր, տղաս 2003-ին է զոհվել Ոսկեպարի հատվածում։ Հիմա այնտեղ շատ մայրեր կլինեն»,- ասում է կինն ու արագացնում ենք քայլերը։

Բացվեց Արմեն Հովհաննիսյանի հուշատախտակը

Բացվեց Արմեն Հովհաննիսյանի հուշատախտակը

Տան բակը մարդաշատ է, ներկաներն առաջին հերթին մտնում են տուն, բարձրանում երկրորդ հարկ՝ Արմենի սենյակ, Արմենի «խրամատ»։

Արմեն Հովհաննիսյանի փառքի անկյունը

Արմեն Հովհաննիսյանի փառքի անկյունը

Արմեն Հովհաննիսյանի իրերը

Արմեն Հովհաննիսյանի իրերը

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, բացվեց 2014-ի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն ադրբեջանական դիվերսիոն հարձակումը հերոսաբար հետ մղած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուշատախտակը։ Այն բոլոր անցորդներին կհուշի, որ այդ տանն ապրել է ներկա ժամանակների հերոսներից մեկը։

Արմեն Հովհաննիսյան

Հուշատախտակի բացմանը ներկա էին զինվորականներ, զոհված զինծառայողի մայրեր, հոգևորականներ, այլ հյուրեր։
Պաշտպանության բանակից հատուկ Երևան էր եկել Արմենի ավագ ընկեր, նրա զորամասի հոգևոր սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյանը։

Պաշտպանական շրջաններից մեկի հոգևոր սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյան

Պաշտպանական շրջաններից մեկի հոգևոր սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյան

Հիշում է, թե ինչպես է սկսվել իր ու Արմենի ծանոթությունը։

«Դժվար է հիշել հազարավոր զինվորների անուններն ու դեմքերը, բայց դրան զուգահեռ լինում են մարդիկ, ովքեր միանգամից տպավորվում են։ Լինում է, չէ՞ որ գնում ես զորամաս, բոլորին դու ես փորձում աջակցել, բայց ինքդ էլ ես ինչ-որ մեկի աջակցության կարիքը զգում։ Արմենի հետ մտերմացանք, շատ մոտ ընկերներ էինք, ինքն այդ ժամանակ դիրքապահ ստորաբաժանումում չէր, դիմել էր, որ ինքն էլ դիրքապահ դառնար։ Մի օր եկավ, թե բա Նարեկ սարկավագ, հաստատել են, դիրքի ավագ եմ դառնալու, ինչպե՞ս կարող եմ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում ծառայել ու դիրք չպահել»,- պատմում է զորամասի հոգևոր սպասավորը։

Վոլոդյա սարկավագ Նաջարյան

Վոլոդյա սարկավագ Նաջարյան

Նարեկ սարկավագի հուշերում Արմենը գիտակից զինծառայող, գիտակից քրիստոնյա է։

«Մի անգամ եկավ, հարցրեց, թե ինչ է հավիտենական կյանքը։ Խոսեցինք, ասաց, որ հավիտենական կյանքով է ապրելու։ Դա մեր վերջին հանդիպումն էր։ Ասաց, որ այդ հերթափոխից հետո հավանաբար արձակուրդ կտան ու քրոջ երեխային կտեսնի…. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերվանից հետո սկսվեց Արմենի հավիտենական կյանքը»,- շարունակում է Նարեկ սարկավագը։

Արմեն Հովհաննիսյանը 2014թ «Տարվա մարդ»

Արմեն Հովհաննիսյանը 2014թ «Տարվա մարդ»

ՀՀ ԶՈւ զինծառայողները՝ Արմեն Հովհաննիսյանի սենյակում

ՀՀ ԶՈւ զինծառայողները՝ Արմեն Հովհաննիսյանի սենյակում

Արձանիկի վրա մակագրված է ՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ «Տարվա մարդ» անվանակարգում նաև հայկական բանակի մյուս զինծառայողներն են, ովքեր 2014-ին զոհվել են պաշտպանելով իրենց վստահված պետական սահմանը:

Արմենի քույրը

Արմենի քույրը

Արմենի ծնողները

Արմենի ծնողները

Արմենի մայրը՝ տիկին Մարինեն, նայում է որդու նկարներին, հյուր եկած դպրոցահասակ երեխաներին ու ասում.«Գալիս են դպրոցահասակ երեխաներ, Արմենի հուշատետրում գրում ինչ-որ բաներ, որ հաստատ չեն կարող կեղծել։ Որդիս նրանց համար օրինակ է, պայքարի ու անկախության պահպանման օրինակ»,- ասում է տիկին Մարինեն։

Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի կյանքը բաժանվել է երկու մասի, նրանց հիշողություններն այսպես են սկսվում՝ Արմենից առաջ և հետո, թեև համարում են, որ ոչ միայն իրենց որդին, այլև այլ տղաներ, ավելի կենդանի են, քան շատերն այսօր։

Տիկին Մարինեն՝ Արմեն Հովհաննիսյանի մայրը

Տիկին Մարինեն՝ Արմեն Հովհաննիսյանի մայրը

«Ես հպարտորեն կարող եմ ասել, որ ես Արմենի մայրն եմ, որ ես լույս աշխարհ եմ բերել նրան, ճիշտ եմ դաստիարակել։ Չկա մի օր, որ նրան չհիշեն, որ մեր տուն չգան բոլորովին անծանոթ մարդիկ։ Պետք է թիկունք լինենք մեր զինվորներին»,- ավարտում է մայրը։

Զոհված զինծառայողի մայրերը հուշատախտակի բացմանը

Զոհված զինծառայողների մայրերը հուշատախտակի բացմանը

Մինչ մարդիկ հավաքվել էին Արմեն Հովհաննիսյանի հուշատախտակի բացմանը, նրա զորամասում, նրա մարտական դիրքում վստահորեն իրենց ծառայություն են շարունակում կրտսեր սերժանտի ընկերներն ու ծառայակիցները՝ խաղաղություն վաստակելով թիկունքում գտնվող յուրաքանչյուրի համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *