Դեկտեմբերի 20-ին Վրաստանի ՊՆ կայքում հաղորդագրություն է հրապարակվել, որում նշվել է, որ դեկտեմբերի 18-ին Ուկրաինայում զոհված Ալեքսանդր Գրիգոլաշվիլիի մահվան ողջ պատասխանատվությունը «Վրաստանի նախկին իշխանության» վրա է։ Այս մասին հաղորդում են վրաստանյան լրատվամիջոցները։
Հաղորդագրությունը մեկ օր է մնացել ՊՆ կայքում, և հեռացվել միայն հաջորդ օրը, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այդ հաղորդագրությունը «սխալմունք է», և պաշտպանության նախարարությունը պետք է ներողություն խնդրի։
32-ամյա Ալեքսանդր Գրիգոլաշվիլին ծառայել է Վրաստանի զինուժում 2007-08թթ։ Վերջին ամիսներին նա կռվում էր Դոնբասում ուկրաինական «Այդար» գումարտակի կազմում։
Դեկտեմբերի 19-ին վրաստանյան Ռուսթավի-2 հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում էր Ուկրաինայում կռվող վրաստանցի նախկին զինվորականների մասին։ Տեսանյությում ներկայացվում են «Վրացական լեգեոնից» երեք հոգի, այդ թվում նաև՝ Գրիգոլաշվիլին։ Վերջինս տեսանյութում պատմում է, որ իրենք աջակցում են ուկրաինացիներին վերապատրաստման և հետախուզության ոլորտներում։
Հավելենք, որ ամենայն հավանականությամբ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում ակնարկվում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու վերջերս շրջանառված հետևյալ հայտարարությանը. «Վրաստանյան շատ զինծառայողներ այս օրերին Ուկրաինայի քաղաքացիություն են ստանում։ Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել քաղաքացիություն տալ այն վրաստանցիներին, ովքեր կծառայեն ուկրաինական բանակում»։
Սաակաշվիլիի հայտարարությանը պատասխանել էր ՊՆ-ն՝ նշելով, որ դեռ չի գրանցվել այնպիսի դեպք, երբ զինված ուժերից զինծառայողներ գնան Ուկրաինա, թեև տեղեկություններ ունեն, որ այնտեղ կան Վրաստանի քաղաքացիներ, ովքեր այժմ չեն ծառայում։
Ինչ վերաբերում է Վրաստանի ՊՆ երկրորդ՝ չարաբաստիկ հայտարարությանը, հավելենք, որ դեկտեմբերի 21-ին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լևան Գիրսիաշվիլին հայտարարել է, որ ՊՆ ղեկավար կազմը ծանոթ չի եղել հաղորդագրության բովանդակությանը։
«Պետք էր ցավակցություն հայտնել և ՊՆ-ն դա պիտի աներ, բայց բովանդակությունը ղեկավար կազմի հետ չի համաձայնեցվել։ Այն անձը, ով թույլ է տվել սխալը, պատասխանատվության կենթարկվի», — ասել է Գիրսիաշվիլին։
Թեման քննարկման առարկա է դարձել վրաստանյան քաղաքական շրջանակներում։ Դեկտեմբերի 22-ին Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան նշել է, որ ՊՆ-ի հաղորդագրությունը չլսված կոշտ և վիրավորական է եղել։
Նույն օրը լրագրողների հետ զրույցում թեմային անդրադարձել է նաև երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։ Վերջինս հայտնել է, թե ոչ հաճելի տպավորություն է թողնում այն հանգամանքը, որ քաղաքական բոլոր շրջանակները, ամբողջ երկիրը հանդես են գալիս մեկ մարդու դեմ։
«Կարծում եմ, որ պետք է հնարավորություն տալ մարդկանց բացատրել իրենց դիրքորոշումը, ինչպես նաև մենք պետք է ունենանք ավելի հանգիստ արձագանք նման թեմաների նկատմամբ», — ասել է Մարգվելաշվիլին։
Իրենց հերթին Սաակաշվիլու կողմնակիցները պնդում են, որ պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն և նրա տեղակալներն այս սկանդալից հետո պիտի լքեն իրենց պաշտոնները։