Սեյրան Օհանյանը Մոսկվայում այցելել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոն

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հյուրընկալել է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարներին՝ այդ թվում նաև Սեյրան Օհանյանին, և ուղեկցել նրանց ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոն, որտեղ ներկայացրել է դրա տեխնիկական հնարավորություններն ու գործառույթները։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաալիքի կայքը։

Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն կառավարման կենտրոնում

Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն կառավարման կենտրոնում

Նշենք, որ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի գլխավոր գործառույթը ՌԴ ուժային կառույցների հրամանատարական կետերից և արտակարգ ծառայություններից ստացած տեղեկատվության մշակումն ու դրա վերլուծության հիման վրա օպերատիվ որոշումների կայացումն է։

Կարևոր է նշել, որ ըստ աղբյուրի, օտարերկրյա հյուրերը առաջին անգամ են հնարավորություն ստանում այցելել վերոնշյալ կենտրոն։

Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվա է մեկնել մասնակցելու ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան Մոսկվա է մեկնելու նաև նախագահ Սերժ Սարգսյանը, ով  կմասնակցի ՀԱՊԿ Խորհրդի նստաշրջանին։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական բլոկ է, որին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։ Պայմանագիրը ենթադրում է ռազմական համատեղ աջակցության ցուցաբերում՝ անդամ երկրներից որևէ մեկի՝ հարձակման ենթարկվելու դեպքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *