Քաթարի Էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2014-ի դեկտեմբերի 20-ին ռազմական համագործակցության մի շարք պայմանագրեր են ստորագրել, այդ թվում նաև՝ «Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ» հիմնելու համաձայնագիր։
Քաթարի Էմիրը Թուրքիա էր այցելել 2014-ի դեկտեմբերի 19-ին՝ Թուրքիայի նախագահի հրավերով։ Թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքի համաձայն՝ այցի շրջանակներում ստորագրվել է ռազմական համագործակցության պայմանագիր, որի համաձայն՝ թուրքական և քաթարական բանակները համագործակցելու են ռազմական արդյունաբերության ոլորտում, և իրականացվելու է ռազմական տեխնոլոգիաների փոխանակում։
Անկարայի օդանավակայանում նրան դիմավորել էին Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը և Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը։ Սակայն ուշագրավ է այն փաստը, որ Քաթարի Էմիրին Անկարայի օդանավակայանից ուղեկցել է Հաքան Ֆիդանը։
Թուրքիայի՝ «Պաշտոնական և պետական այցերի» արարողակարգի համաձայն պետությունների ղեկավարներին պետք է դիմավորի և ուղեկցի կառավարության անդամներից մեկը։ Սակայն այս դեպքում բացառություն է կատարվել, և օդանավակայանից Քաթարի էմիրին ուղեկցել է ոչ թե ֆինանսների նախարարը, այլ ազգային հետախուզական ծառայության պետը։
Քաթարի էմիրի և Թուրքիայի նախագահի՝ դեկտեմբերի 20-ի հանդիպմանը ևս Հաքան Ֆիդանը ներկա է եղել։ Ըստ «Միլլիյեթ»՝ Հաքան Ֆիդանի ներկայությունը կապված է եղել երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում մերձավորարևելյան հակամարտությունների քննարկման հետ։
Նշենք, որ սեպտեմբերին Քաթար էր այցելել Թուրքիայի Էրդողանը։ Այցի շրջանակներում քննարկվել էին տնտեսական և ռազմական համագործակցության մի շարք հարցեր, որոնց մասին մանրամասներ չեն հրապարակվում։
Pingback: Թուրքիայի և Քաթարի արտգործնախարարները քննարկել են ռազմական համագործակցության ծրագրերը | Ռազմ.info
Pingback: Թուրքիան իրավունք է ստացել զինուժ տեղակայել Քաթարի տարածքում | Ռազմ.info
Pingback: Թուրքիան նախատեսում է 3000-անոց անձնակազմով ռազմաբազա հիմնել Քաթարում. Հյուրիեթ | Ռազմ.info