Քրդական փեշմերգեն հաջողություններ է գրանցում «Իսլամական պետության» դեմ պայքարում

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության Փեշմերգեի մարտիկներն ազատագրել են Իրաքի Մոսուլ քաղաքի շրջակայքի 9 գյուղ, որոնք մինչ այդ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ էին, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Քրդական Փեշմերգե ջոկատների մարտիկներ

Քրդական Փեշմերգե ջոկատների մարտիկներ

Մինչ այժմ հաջողվել է ազատագրել  մասնավորապես Կարիզե, Գիլգամիշ, Քոթանի, Հունկե, Ֆակերունկ, Գիրդե, Շորիան, Խիրիշ և Գիրդե Մերք գյուղերը: Մոսուլից 18 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռազմավարական նշանակության Զումմար քաղաքում, որն ազատագրվել է դեռևս հոկտեմբերի 25-ին, Փեշմերգեի ուժերի հրամանատար Ռաշիդ Հաջի Ալին հայտարարել է, որ իրենք ԱՄՆ ղեկավարած հակաահաբեկչական կոալիցիայի ռազմաօդային ուժերի աջակցությամբ սկսել են նաև Սինուն քաղաքի արվարձանների ազատագրումը:

Հավելենք, որ օրեր առաջ Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ 100 զինվորական է ուղարկելու Քրդստանի Իրբիլ քաղաք՝ «Իսլամական պետության» դեմ կռվող տեղի քուրդ մարտիկներին մարզելու:

Հիշեցնենք, որ վերջին օրերին թեժացել են մարտերը նաև Սիրիայի հյուսիսային Քոբանի քրդաբնակ քաղաքի կենտրոնական և արևմտյան հատվածներում: Իսկ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան օդային հարվածներ է հասցրել ԻՊ դիրքերին: Թուրք-սիրիական սահմանին ուժեղացվել են անվտանգության միջոցները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *