Թուրքիայում ոստիկանության և քրդերի հերթական բախման հետևանքով քուրդ երիտասարդ է սպանվել

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում դեկտեմբերի 16-ին քրդերի կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ թուրքական ոստիկանությունը կրակ էր բացել, որի հետևանքով քուրդ երիտասարդը վիրավորվել էր: Ստացած վերքերից 17-ամյա Աբդուլքադիր Չաքմաքը դեկտեմբերի 17-ին հիվանդանոցում մահացել է:

Թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքի փոխանցած տեղեկությունների համաձայն՝ ցույցը կազմակերպել են «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) երիտասարդ թևի ներկայացուցիչները: Ցուցարարները հարձակվել են թուրք ոստիկանների վրա, ինչի հետևանքով փոխհրաձգություն է սկսվել:

Թուրքական պարբերականը՝ հղում անելով Դիարբեքիրի նահանգապետի մամուլի ծառայության հայտարարությանը, նշում է, որ ցույցն արտոնված չի եղել, իսկ դրա մասնակիցները եղել են զինված: Նրանք հարձակվել են թուրք ոստիկանների վրա, ինչի հետևանքով վերջիններս ստիպված են եղել պատասխան կրակ բացել: Բախումների ընթացքում վիրավորվել է նաև մեկ թուրք ոստիկան:

Սպանված երիտասարդի դին ուղարկվել է դատական բուժզննության, իսկ դեպքի առթիվ նշանակվել է քննություն:

Աբդուլքադիր Չաքմաքի ծնողները հայտարարել են, որ ոստիկանները երկու անգամ կրակել են իրենց տղայի գլխին, մեկ անգամ էլ՝ կրծքին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի անվտանգության ուժերի և քուրդ ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել նաև դեկտեմբերի 6-ին, որի հետևանքով սպանվել էր 18-ամյա քուրդ երիտասարդ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *