Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը դեկտեմբերի 14-ին հայտարարել է, որ իրենք մինչև 2023 թվական պատրաստվում են ունենալ տեղական արտադրության կործանիչներ, ինչի նպատակը պաշտպանության ոլորտում լիարժեք անկախության հասնելն է: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նախարարի խոսքերով՝ տեղական նավաշինության ու մեքենաշինության շնորհիվ իրենք այժմ կարողանում են ապահովել և´ ծովային, և´ ցամաքային պաշտպանությունը՝ արտադրելով անհրաժեշտ ռազմանավեր, տանկեր ու գրոհային ուղղաթիռներ: Հաջորդ քայլը տեղական արտադրության կործանիչներն են:
Համաձայն նախարարի փոխանցած տեղեկությունների՝ այժմ թուրքական ռազմարդյունաբերությունը կարողանում է ապահովել պետության ռազմաական կարիքների 55%-ը: Կառավարությունը նպատակ է դրել մինչև 2023-ը ինքնապահովումը հասցնել 100%-ի:
Հետաքրքիր է, որ դեռևս 2014-ի մայիսին Թուրքիան պաշտոնապես հայտարարել է հինգերորդ սերնդի երկու միավոր F-35A կործանիչ գնելու որոշման մասին, ինչպես նաև այս կործանիչից ընդհանուր 100 միավոր ձեռք բերելու մտադրության մասին։ Սպասվում է, որ թուրքերն առաջին երկու կործանիչները կստանան 2018 թվականին: