Թուրքական «Ասելսանը» Հորդանանում համատեղ արտադրություն է հիմնել

Հորդանանի զինուժը և հորդանանյան պետական KADDB (King Abdullah II Design and Development Bureau) բյուրոյի ներդրումային խումբը թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերության հետ հիմնել են «Մերձավոր Արևելքի Ասելսան» ռազմարդյունաբերական  ընկերությունը, որի բացման արարողությանը դեկտեմբերի 15-ին մասնակցել է նաև Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ իբն ալ-Հուսեյն ալ-Հաշիմը։ Այս մասին հայտնում է ամերիկյան Defense  News կայքը։

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը ծանոթանում է թուրքական «Ասելսանի» արտադրանքին

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը ծանոթանում է թուրքական «Ասելսանի» արտադրանքին

«Մերձավոր Արևելքի Ասելսան» ընկերության նախնական կապիտալը մոտ 3 մլն ԱՄՆ դոլար է։ Բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է KADDB բյուրոյին, իսկ 49 տոկոսը՝ թուրքական «Ասելսանին»։

Թուրքիայից գործարանի բացմանը մասնացել են՝ պաշտպանության նախարարի օգնական Հասան Քեմալ Յարդըմջըն, «Ասելսանի» կառավարման խորհրդի ղեկավար Հասան Ջանփոլաթը և մի խումբ զինվորականներ։

Հասան Ջանփոլաթը նշել է, որ այս գործարանի ստեղծման համար ընտրվել է Հորդանանը, քանի որ այն մնացած արաբական երկրների հետ ամենաջերմ հարաբերություններ ունեցող երկրներից մեկն է, ինչն էլ թույլ կտա հետագայում առավել զարգացնել տեխնոլոգիաների արտահանումը Ասիայի և Աֆրիկայի մյուս արաբական պետություններ։

Ընկերության՝ թուրքական տեխնոլոգիաներով աշխատող գործարանում գործելու են գիշերային և ջերմային տեսանելիության սարքավորումների թեստավորման և արտադրման, արտադրանքների պահեստավորման և փաթեթավորման հոսքագծեր, ինչպես նաև շրջակա միջավայրի ուսումնասիրության լաբորատորիա, հայտնում է թուրքական ընկերության կայքը։

Առաջին փուլում մեկնարկել  է մոնոկուլյար (միակնային) գիշերային տեսանելիության սարքավորումների, սահմանային դիտարկման գիշերային ջերմացույց սարքերի և հակատանկային հրթռիային համալիրների գիշերային տեսանելիության ջերմացուցիչ նշանոցների արտադրությունը։ Ըստ Defense News-ի՝ հաջորդ տարի արտադրվելու է մոտ 6 հազար օրինակ գիշերային տեսանելիության սարք։

Արդեն ստորագրվել է դեռևս արտադրվող SAGER ջերմացուցիչ նշանոցների մատակարարման առաջին պայմանագիրը Հորդանանի զինված ուժերի համար։

Նշենք, որ SAGER սարքավորումը գիշերային տեսանելիության թեթև ջերմացուցիչ նշանոց է՝  նախատեսված նաև ռուսաստանյան «Կորնետ-Է» հակատանկային հրթիռային համալիրի համար։ Ջերմացույցն ապահովում է թիրախների հայտնաբերումն ու ճանաչումը մինչև 5500մ գիշերով և ցերեկով՝ ի տարբերություն նույն հակատանկային հրթիռային համալիրի վրա տեղադրվող բազային ջերմացույց նշանոցի, որը գիշերային դիտարկումն ապահովում է մինչև 3500մ սահմաններում։

Համակարգը  կշռում է մինչև 6 կգ, համալրված է լիթիում-իոնային հիմքով 5 ժամ աշխատունակությամբ կուտակիչ մարտկոցով, ունի նաև արտաքին լրացուցիչ մարտկոց, որը աշխատանքի տևողությունը հասցնում է 12 ժամի։ Սարքը համալրված է նաև փոփոխական և հաստատուն հոսանքի աղբյուրներից լիցքավորվելու, ինչպես նաև արևային էներգիայով լիցքավորվելու համակարգերով։

Երկրորդ փուլում նախատեսվում է էլեկտրոնային և էլեկտրաօպտիկական համակարգերի ստեղծման, կապի միջոցների կատարելագործման  աշխատանքների իրականացում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *