Ադրբեջանի Թարթառի շրջանի Հասան Գայա կոչվող տարածքի մոտակայքում, որը սահմանակից է Արցախի Մարտակերտի շրջանին, գրանցվել է արտակարգ միջադեպ։ Ծնունդով Լաչինից, 1973-ին ծնված Շալուխով Ռամիլ Բալօղլան Օղլուն ոչխարներին արածեցնելիս պայթել է հակահետևակային ականի վրա և տեղում մահացել։
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, հայտնել է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում անելով Թարթառի շրջանի ոստիկանական բաժանմունքի հայտնած տեղեկությանը։
Միևնույն ժամանակ, ադրբեջանական Qafqazinfo լրատվակայքը հղվելով Թարթառի ՏԻՄ-ին՝ միջադեպի վերաբերյալ հաղորդում է այլ տվյալներ՝ նշելով, որ դեպքը գրանցվել է Թարթառի շրջանի Շըխարխ ավանում, իսկ զոհվածը ոչ թե Շալուխով Ռամիլ Բալօղլան Օղլուն, այլ Սադիգով Զամին Բալօղլան օղլուն է, ով ականապատ տարածք էր անցել մետաղի ջարդոն հավաքելու նպատակով։