Մեկ զոհ, մեկ վիրավոր Ադրբեջանի ՊՆ մեքենայի՝ ականի վրա պայթյունից • Ավտոպատահարում զինծառայողներ են տուժել • Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի նոյեմբերին • Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարները հանդիպել են Կարսում • Ադրբեջանում էր Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալը • Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական անվտանգության ուղեցույց է հրատարակել զինծառայողների համար • Ադրբեջանի վարչապետը ԶՈւ ՌՕՈւ զորամասում • Զաքիր Հասանովը հանդիպել է մի ՊՆ շարք բաժինների սպայակազմին • Օտարերկրյա ռազմական կցորդների հետ հանդիպում Ադրբեջանի ՊՆ-ում • Ղազախստանի ՊՆ պատվիրակությունը Նախիջևանի ռազմական վարժարանում։
• Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը 2014-ի դեկտեմբերի 8-ին հայտնել է, որ զինված ուժերին պատկանող զինվորական մեքենան պայթել է ականի վրա, ինչի հետևանքով կա 1 զոհ և 1 վիրավոր։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դա ջուր փոխադրող բեռնատար մեքենա էր, որը մառախլապատ եղանակի և վատ տեսանելիության պատճառով դուրս էր եկել ճանապարհից ու պայթել հակատանկային ականի վրա։
• Ադրբեջանի Աղստաֆայի շրջանում (սահմանակից է Տավուշի մարզին) գրանցվել է ավտոպատահար, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ու տեղի կենտրոնական հիվանդանոց տեղափոխվել 3 զինծառայող։ Ամենայն հավանականությամբ, նրանք երեքն էլ պայմանագրային զինծառայող են։
• Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման արդյունքում 2014-ի նոյեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է զինծառայողների մահվան 5 և վիրավորման 1 դեպք։
Կարևոր է նշել, որ վերոնշյալ դեպքերից միայն մեկն է, որ տեղ է գտել Ադրբեջանի պետական կառույցների պաշտոնական հաղորդագրություններում։ Մնացած արտակարգ պատահարների մասին հայտնի է դարձել հիմնականում Ադրբեջանի ընդդիմադիր մամուլի հրապարակումներից։
Նոյեմբերին գրանցված մահվան 5 դեպքերից 2-ը մարտական են, գրանցվել են ՊԲ հատուկ նշանակության ուժերի իրականացրած՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի տարհանման գործողության ընթացքում։ Մյուս 3-ը արտակարգ պատահարների հետևանք են։
• Դեկտեմբերի 10-ին Հայաստանի երեք հարևանների՝ Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Կարսում, որտեղ քննարկվել են երեք երկրների շահերին առնչվող տարածաշրջանային զարգացումները, էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման, տարածաշրջանի կայունության և անվտանգության, առևտրաշրջանառության խնդիրները։
• Զաքիր Հասանովը դեկտեմբերի 11-ին ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ Հասան Քեմալի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը խոսել են թուրք-ադրբեջանական համագործակցության, Արցախյան հակամարտության, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային խնդիրերի մասին:
Հասան Քեմալը հանդիպում է ունեցել նաև Անդրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հետ: Քննարկվել են պաշտպանական արդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները:
• Ադրբեջանում հրատարակել են «Տեղեկատվական անվտանգություն» և «Ֆիզիկական անվտանգություն» թեմաներով ուղեցույցեր՝ նախատեսված ԶՈւ զինծառայողների համար։ Ուղեցույցերի հրապարակումը միտված է ԶՈւ գործունեությանը վերաբերող և պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության արտահոսքի կանխմանը։ Դրանցում մասնավորապես նշված են համացանցին միացած համակարգիչներից և կապի այլ միջոցներից օգտվելիս անձնական տվյալների գաղտնիության պահպանման կանոնները։
• Դեկտեմբերի 9-ին Ադրբեջանի կառավարության ղեկավար Արթուր Ռասիզադեն պաշտպանության նախարարի, ՌՕՈւ հրամանատարի ու կառավարության անդամների ուղեցկությամբ այցելել է ռազմաօդային ուժերի զորամասերից մեկը, որտեղ ծանոթացել է իրականացված վերանորոգման աշխատանքներին։
• Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ուսումնամարզական կենտրոններից մեկում հանդիպել է ԶՈւ բարձր սպայակազմի, զինվորական իրավաբանների, հոգեբանների, և հատուկ նշանակության ուսումնական հաստատությունների դասախոսների հետ։
• Դեկտեմբերի 9-ին Ադրբեջանի ՊՆ-ն ուսումնավարժական կենտրոններից մեկում այդ երկրում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդների մասնակցությամբ գումարել է նիստ, որի ընթացքում ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովը ներկայացրել է Ադրբեջանի ՊՆ պաշտպանական բարեփոխումները։ Նիստի մասնակիցների հետ քննարկվել են նաև ազգային անվտանգության քաղաքականության վերաբերող հարցեր։
• Ղազախստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը դեկտեմբերի 11-ին այցելել է Ադրբեջանի Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական վարժարան, որտեղ ծանոթացել է վարժարանի նյութատեխնիկական և ուսումնական բազայի հետ։
Ռազմաշաբաթը նաև Հայաստանում