«Իսլամական պետության» զինյալների հետ բախումների ընթացքում 2014-ի հունիսից մինչև դեկտեմբեր զոհվել է Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության «Փեշմերգե» զորաջոկատների 727 մարտիկ, վիրավորվել՝ 3564-ը և անհետ կորած է համարվում 35 մարտիկ։ Այս մասին հաղորդում է Middle East Eye լրատվակայքը՝ հղում անելով Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության կառավարության 2014թ. դեկտեմբերի 10-ին տարածած հայտարարությանը։
Նշենք, որ Իրաքյան Քրդստանի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հետ մարտեր մղելուց բացի, քրդական «Փեշմերգեի» մարտիկները 2014-ի հոկտեմբերից մարտեր են մղում նաև Սիրիայի հյուսիսային, քրդաբնակ Քոբանի քաղաքի պաշտպանության համար։
Հիշեցնենք, որ Քոբանիի վրա «Իսլամական պետություն» խմբավորումը հարձակվել էր սեպտեմբերին։ Դրությունը հատկապես բարդացել էր հոկտեմբերի սկզբին, երբ զինյալները կարողացել էին գրավել քաղաքի արևելյան արվարձանը։ Քոբանիի խաղաղ բնակչության ինքնապաշտպանությունը կազմակերպում էր «Քրդական դեմոկրատական միություն» (PYD) կուսակցության ռազմական թևը՝ «Ժողովրդական իքնապաշտպանության ջոկատները» (YPG):
Մոտ երկու ամիս շարունակ Թուրքիան չէր թույլատրում «Փեշմերգեի» մարտիկներին իր տարածքով մտնել Քոբանի և պաշտպանել քուրդ բնակչությանը։ Ի վերջո՝ ԱՄՆ-ի ճնշման ներքո Թուրքիան իր տարածքով թույլատրեց անցնել «Փեշմերգեի» մի զորաջոկատի՝ այն էլ շատ սահմանափակ թվով։ Այդ զորաջոկատը ստիպված էր անհավասար մարտի մեջ մտնել «Իսլամական պետություն» խմբավորման՝ թվով և ռազմական տեխնիկայով գերազանցող զինյալների հետ։
Երկրորդ զորաջոկատին անցնելու թույտվություն Թուրքիան տվեց միայն դեկտեմբերին: Այս անգամ ևս Թուրքիան իր տարածքով թույլատրեց անցնել ընդամենը մի՝ 150-հոգանոց զորաջոկատի։
Խոսելով Քոբանի մեկնած երկրոդ զորաջոկատի մասին՝ Իրաքյան Քրդստանի «Փեշմերգե» զորաջոկատների հրամանատար, գեներալ Ջաբբար Յավարը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ մարտերում ջոկատը դեռ զոհեր չի տվել, և կա միայն 11 վիրավոր։
Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին նշել է, որ «Փեշմերգե» զորաջոկատները դեկտեմբերին հաջողությամբ կարողացել են հետ մղել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների՝ Իրաքյան Քրդստանի բնակավայրերի ուղղությամբ կատարած մի շարք հարձակումներ։ Նա ավելացրել է, որ «Փեշմերգեն» հաջողությամբ պաշտպանում է նաև Քոբանի քաղաքը։
One response to “Տվյալներ են հաղորդվել «Փեշմերգե» զորաջոկատների մարտիկների զոհերի վերաբերյալ”