Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական օկրուգի՝ Ռոստովի մարզում գտնվող ավիացիոն գունդը դեկտեմբերի 10-ին 3 միավոր նորագույն Սու-34 ռմբակոծիչ է ստացել, հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգում նախորդ համալրումը եղել է հոկտեմբերի 17-ին, երբ օկրուգն ընդունել է 6 միավոր Սու-34: Այդ ժամանակ օկրուգի մամուլի ծառայությունը հայտնել է, որ մոտ ապագայում նախատեսվում է մարզի հակաօդային պաշտպանության և ռազմաօդային ուժերը համալրել ժամանակակից ավիատեխնիկայի ևս 40 նմուշով, այդ թվում արդիականացված Սու-27ՍՄ կործանիչներով և Մի-35Մ ուղղաթիռներով:
Նշենք, որ Սու-34 ճակատային ռմբակոծիչը 4-րդ սերնդի ինքնաթիռ է, կարող է զարգացնել մինչև 1900 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15000 մետր է։ Ինքնաթիռը կարող է մարտական խնդիրներ կատարել մինչև 4000 կմ հեռավորության վրա։ Սպառազինությունում Սու-34-ն ունի 1 հատ 30 մմ-անոց ավիացիոն հրանոթ և ամրացման 12 կետ՝ մինչև 8000 կգ ընդհանուր զանգվածով սպառազինություն կրելու հնարավորությամբ։ Ի տարբերություն իր նախորդների՝ նոր Սու-34-երը հագեցած են նավիգացիոն նոր համակարգերով։
2 responses to “ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգը ստացել է Սու-34 ռմբակոծիչներ”