Թուրքիան չի ճանաչում ռուս-աբխազական գործընկերության համաձայնագիրը

Կարսում 2014-ի դեկտեմբերի 10-ին հանդիպել են Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Եռակողմ հանդիպումներից առաջ նախարարներն անցկացրել են երկկողմ ձևաչափով հանդիպումներ։Այս մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Թամարա Բերուչաշվիլին և Մևլյութ Չավուշօղլուն

Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Թամարա Բերուչաշվիլին և Մևլյութ Չավուշօղլուն

Ելույթ ունենալով դեկտեմբերի 9-ի՝ Վրաստանի արտգործնախարար Թամարա Բերուչաշվիլիի հետ հանդիպման ժամանակ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի ճանաչում 2014-ի նոյեմբեր 24-ին՝ Սոչիում ստորագրված ռուս-աբխազական համագործակցության և ռազմավարական գործընկերության համաձայնագիրը և միանում է Եվրոմիության, Եվրախորհրդի ու ԵԱՀԿ-ի քննադատական հայտարարություններին։

Ընդգծելով, որ Թուրքիան չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը՝ Չավուշօղլուն Աբխազիան որակել է իբրև «անջատողական» շրջան՝ նշելով, որ Թուրքիան ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և կշարունակի օժանադակել Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության ու եվրատլանտյան ինտեգրման ծրագրերին։

Թուրքիայի այս դիրքորոշումը հաստատել էր նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը Վրաստանի վարչապետ Թամարա Բերուչաշվիլիի հետ դեկտեմբերի 10-ի երկկողմ հանդիպման ժամանակ։ Վերջիններս քննարկել էին երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, էներգետիկ-տրանսպորտային ընդհանուր ծրագրերը, ինչպես նաև հայտարարել Թուրքիայի և Վրաստանի ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծման մասին, որը ղեկավարելու են երկրների արտգործնախարարները։ Հայտարարվել է, որ խորհրդի առաջին նիստը տեղի է ունենալու 2015-ի առաջին կեսին։

Հիշեցնենք, որ Վրաստանի արտգործնախարարը Թուրքիա էր ժամանել դեկտեմբերի 9-ին՝ Թուրքիայի իր գործըներոջը հանդիպելու և դեկտեմբերի 10-ին Կարսում կայացած եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար։

Երեք երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ Չավուշօղլուն անդրադարձել է նաև Հայաստանին և Արցախի տարածքներին՝ հերթական անգամ հայտնելով ադրբեջանամետ տեսակետներ։

Արտգործնախարարները քննարկել են նաև Բուքու-Թիֆլիս-Ջեյհան նավթամուղի, Բուքու-Թիֆլիս-Կարս երկաթգծի, TAP (Տրանս-Անատոլիական) ու TANAP (Տրանս-Ադրիատիկ) գազամուղների կառուցման ծրագրերը։ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հույս է հայտնել, որ հաջորդ անգամ իրենք ոչ թե ինքնաթիռով կգան հանդիպման, այլ՝ գնացքով։

Ադրբեջանական գազը Եվրոպա արտահանելու նպատակով կառուցվող գազամուղը, որի՝ Թուրքիայի տարածքով անցնող հատվածը կոչվում է TANAP, իսկ դրա շարունակությունը մինչև Իտալիա՝ TAP

Ադրբեջանական գազը Եվրոպա արտահանելու նպատակով կառուցվող գազամուղը, որի՝ Թուրքիայի տարածքով անցնող հատվածը կոչվում է TANAP, իսկ դրա շարունակությունը մինչև Իտալիա՝ TAP

Անդրադառնալով գազամուղների կառուցմանը՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 45 մլրդ ամերիկյան դոլար։ Նա նշել է, որ ծրագրի հաջող ավարտից հետո գազամուղով արտահանվող ադրբեջանական գազով առաջին հերթին կբավարարվեն վրացական և թուրքական նավթի պահանջները, իսկ մնացած գազը կարտահանվի եվրոպական երկրներ։ Նախարարներն ընդգծել են, որ գազամուղը նախատեսվում է շահագործել 2018-ի վերջից և 2019-ի սկիզբն ընկած ժամանակահատվածում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *