«Նեզավիսիմայա Գազետա» պարբերականը «Ռուսական դեսանտայինների սիրիական ուղղությունը» հոդվածում նշում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակի բարձրագույն ղեկավարությանը հանձնարարել է մշակել ռուսական զինված ուժերի երկրից դուրս կիրառման նոր ծրագիր: Հավանական երկրներից մեկը, որտեղ կարող են գործել ռուսական ստորաբաժանումները, Սիրիան է: Այս մասին թերթին հայտնել են պաշտպանության նախարարության աղբյուրները, որոնք ցանկացել են մնալ անանուն:
Տեղեկության անուղղակի ապացույցներից մեկը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այն հայտարարությունն է, որ հնարավոր է ՀԱՊԿ խաղաղարար ուժերը մասնակցեն սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանը: Այդ նպատակով հատուկ պատրաստություն են սկսել անցնել օդադեսանտային, ԳՀՎ (գլխավոր հետախուզական վարչության) հատուկ ուժերը, ռազմածովային և ցամաքային զորքերի որոշ ստորաբաժանումներ:
Դատելով շրջանառվող լուրերից` Մերձավոր Արևելք ուղարկվելիք ստորաբաժանումները ստիպված կլինեն մասնակցելու ակտիվ մարտական գործողությունների: «Սիրիայում առաջին հերթին պետք է գործողություններ իրականացնել` ապստամբներին խաղաղություն պարտադրելու համար: Այսինքն` նրանց, ովքեր այսօր քաղաքական հարցերը փորձում են լուծել զենքով, ոչ թե պետության սահմանադրության շրջանակներում»,- ասել է Նիկոլայ Բորդյուժան: Նրա կարծիքով խաղաղապահների համար դժվար է լինելու, քանի որ այնտեղ մարտեր են ընթանում և «երկու կողմերն էլ ծանր զինատեսակներ են օգտագործում»:
Ռուսական դեսանտայինների` երկրից դուրս ռազմական գործողություններին մասնակցելու փաստը թերթը պայմանավորել է նաև այն հանգամանքով, որ հունիսի 4-ին 76-րդ գվարդիական պսկովյան դիվիզիայում առաջին անգամ սկսվել են համալիր տեսչական ստուգումներ, որն իրականացնում է ՌԴ ՊՆ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-լեյտենանտ Գենադի Բորիսովը: Ստուգումների ընթացքում իրականացվում են ուսումնական դաշտային պարապմունքներ, ստուգվում անձնակազմի մարտական պատրաստությունը, սպառազինությունը, համալրվածությունը:
Պսկովի օդադեսանտային դիվիզիան համարվում է Ռուսաստանի զինված ուժերի ամենամարտունակ ստորաբաժանումներից մեկը: Դիվիզիայի անձնակազմը մասնակցել է վերջին տարիների գրեթե բոլոր ռազմական գործողություններին` 1994-96, 1999-2001թթ. չեչենական, 2008թ. վրացական պատերազմներին: Ունի նաև խաղաղարար առաքելության փորձ` 1999-2001թթ. Կոսովոյի օպերացիան:
Երկրի սահմաններից դուրս գործողությունների է պատրաստվում նաև Սամարայում տեղակայված 15-րդ համազորային բրիգադը. բացի ընթացիկ պարապմունքներից ստորաբաժանման զինծառայողները սովորում են միջազգային հումանիտար իրավունք, օտար լեզուներ, բաժանարար գծերում անցկացվող ծառայության առանձնահատկություններ և այլն:
Ռուսաստանի Դաշնության հարավային ռազմական օկրուգից թերթին հայտնել են, որ ՌԴ սահմաններից դուրս մարտական գործողությունների պատրաստություն են անցնում նաև չեչեններով համալրված մի շարք ստորաբաժանումներ, որոնք նախկինում ծառայում էին ԳՀՎ հատուկ գումարտակներում: Նրանք գտնվում էին «Սմետլիվի» նավի վրա, որն այս տարվա մայիսին եղել էր Սիրիայի Տարտուս նավահանգստում, որտեղ գտնվում են ռուսական ռազմածովային նավատորմի որոշ օբյեկտներ:
Ռուսաստանն ունի աշխարհաքաղաքական շահեր Մերձավոր Արևելքում և կարող է աջակցել Սիրիային: «Սիրիայում քաղաքացիական պատերազմ է, և նրա ղեկավարությունն օգնության կարիք ունի: Համապատասխան քաղաքական կամքի դրսևորման դեպքում Ռուսաստանը կարող է օգնություն ցուցաբերել: Իհարկե, ցանկալի է դա իրականացնել ՀԱՊԿ և Շանհայի կազմակերպության դաշնակիցների հետ համատեղ: …Մեզ բարդ ժամանակներ են սպասվում և ռուսական բանակը պետք է համապատասխան պատրաստություն ունենա` դաշնակիցների հետ միասին Սիրիայում խաղաղարար խնդիրներ իրականացնելու և իր շահերը պաշտպանելու համար»,- ասել է «Ազգային ռազմավարության խնդիրներ» ամսագրի գլխավոր խմբագիր Աջար Կուրտովը:
Сирийское направление российских десантников
СМИ: Россия готовит к войне в Сирии лучшие армейские подразделения
Российскую бригаду миротворцев научат английскому языку
Бригаду российских “голубых касок” будут учить по-новому
Инспекторы Минобороны впервые проведут полную проверку дивизии ВДВ РФ