Թուրքիայի պաշտպանության նախարար. թուրքական բանակի համար լավագույնը խառը համալրման համակարգն է

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ ինքը սխալ է  համարում բանակի ամբողջապես պրոֆեսիոնալ համակարգի անցնելու ծրագիրը: Այս մասին նա հայտնել է դեկտեմբերի 9-ին, երբ Թուրքիայի խորհրդարանն հաստատել է «գումար ծառայության փոխարեն» նախագիծը:

Նախարարն ավելացրել է, որ թուրքական բանակի համալրման ամենաարդյունավետ ձևը կլիներ խառը համալրումը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազ

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազ

Նախարարը նշել է նաև, որ  եթե բնակչության թվաքանակի աճ չլինի, և Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը չկարողանա բավարարել բանակի պահանջները, պրոֆեսիոնալ բանակի անցնելը կդառնա անխուսափելի: Հայտնում է թուրքական «Միլլիյեթ» լրատվականը:

Նշենք, որ բաց աղբյուրների համաձայն՝ Թուրքիայում տարեկան կտրվածքով բնակչությունը աճում է 2013-ին եղել է 1.38%:

Ինչպես հայտարարել է Յըլմազը,  Թուրքիայում այժմ պրոֆեսիոնալ բանակի թիվը հասնում է 223 հազար 812-ի, շարքայինների և սպաների թիվը՝ 4 հազար 806-ի, իսկ ընդհանուր զինվորական կազմի թիվը՝ 624 հազար 618 է:

Նշենք, որ «գումար ծառայության փոխարեն» ծրագիրը համարվում է Թուրքիայում պրոֆեսիոնալ բանակի համակարգի անցնելու նախադրյալներից մեկը: Ծրագրից ստացվելիք  գումարները փոխանցվելու են Թուրքիայի պետական «Պաշտպանական հիմնադրամին»:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը Ռամզինֆոյի հետ զրույցում հայտնեց, որ նախարարի առաջարկած համակարգը թուրքական իրողությունների  համատեքստում լավագույն տարբերակն է մոտ ապագայում, որովհետև պրոֆեսիոնալ բանակի անցումը երկար տարիների աշխատանք է պահանջելու:

Անդրադառնալով «գումար ծառայության փոխարեն» ծրագրից ակնկալվող գումարների վերահսկողությանը և բանակին տրամադրվող ֆինանսական մասի հնարավոր մեծացմանը՝ թուրքագետը նշեց, որ 2015-ի բյուջեն արդեն իսկ հաստատված է, և այնտեղ բանակի հատկացումների վերաբերյալ լուրջ փոփոխոթյուններ չեն գրանցվել նախորդ տարիների համեմատությամբ:

Սա նշանակում է, որ 2012-ի սահմանադրական բարեփոխումների արդյունքում բանակի արդիականացմանը միտված «Պաշտպանական հիմնադրամից» սկսեցին  բաժին հանել  նաև երկրի անվտանգության մարմիններին, ու բանակը զրկվեց հիմնադրամի միանձնյա տնօրինման իր լծակներից: Դժգոհությունները, որ զինված ուժերում առաջացել էին այդ պատճառով,  կշարունակվեն, քանի որ դեկտեմբերի 9-ին հաստատված ծրագրից ակնկալվող գումաները բանակի արդիականացմանն ուղղվելու փոխարեն կուղղվեն հիմնադրամին՝ շարունակելով հարստացնել մյուս գերատեսչությունները:

Առաջին անգամ 2011-ին շրջանառության մեջ դրված «գումար ծառայության փոխարեն» ծրագիրը կրկին ուժի մեջ է մտնելու 2015-ի հունվարից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *