Վրաստանը դարձյալ խաղաղապահների խումբ է ուղարկում Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն՝ չնայած դեռևս պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան հոկտեմբերին նշել էր, որ 150 հոգանոց զորախումբը դեկտեմբերին դուրս է գալու աֆրիկյան այդ երկրից՝ էբոլա վիրուսով չվարակվելու համար։
Վրաստանի Վազիանի բազայում 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակից ընտրված վաշտին ճանապարհելու արարողությունն այսօր էր՝ դեկտեմբերի 9-ին, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Այս զինծառայողները փոխարինելու են Եվրամիության հովանու ներքո Կենտրոնաֆրիկյան Հանարապետությունում արդեն 6 ամիս ծառայող Բաթումի առանձին հետևակային գումարտակին։ Նախապես պատրաստություն անցած նոր զորախումբն առաջիկա 4 ամիսների ընթացքում առաքելություն է իրականացնելու Բանգիում՝ պարեկություն անելով օդանավակայանի մերձակայքում։
Ճանապարհման արարողությանը ներկա է եղել պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն, նրա տեղակալները, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, Եվրամիություն երկրների՝ Վրաստանում հավատարմագրված դեսպանատան ռազմական կցորդները։
Հավելենք, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խաղաղապահներ ուղարկելու մասին հրաման է ստորագրել, որը, սակայն, ուժի մեջ կմտնի երբ խորհրդարանն այն հաստատի։
Տեղեկացնենք, որ ԵՄ-ն կարողանում է այդ երկրում խաղաղապահ առաքելություն իրականացնել ՄԱԿ-ի թույլտվությամբ։ Կազմակերպությունն օրերս հայտարարել է, որ մինչև 2015թ մարտի 15-ը երկարաձգում է իր առաքելությունը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում տեղի իշխանությունների խնդրանքով։
ԵՄ առաքելությունը մեկնարկել է 2014թ փետրվարից։ Նշվում է, որ առաքելության շարունակությունը գնահատվում է 5,7 մլն եվրո։
Նշենք, որ դեռ 2013 թվականի նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովում ստորագրվել է համաձայնագիր Եվրամիության և Վրաստանի միջև, ըստ որի՝ վրացական կողմը կարող է մասնակցել ԵՄ կողմից ճգնաժամային իրավիճակներում գործողությունների իրականացմանը։ Այդ պահից էլ Վրաստանը ԵՄ-ից ստացել է խաղաղապահ առաքելություն իրականացնելու հրավեր, այդ թվում նաև՝ աֆրիկյան երկրների համար։
Վրաստանն առաջարկը քննել է 2014թ փետրվարի 20-ին կայացած կառավարության նիստում։ Հենց այս ժամանակ էլ կառավարությունը համաձայնել է վրացական կողմի ներգրավմանը։
ԿԱՀ-ում իրավիճակը լարվել է 2013թ դեկտեմբերից, երբ Բանգի մայրաքաղաքում բախումներ են եղել իսլամիստ զինյալների և քրիստոնյա ապստամբների միջև։ ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության ընթացքում մոտ մեկ միլիոն մարդ փախստական է դարձել, հազարավորներն էլ զոհվել են։ Նախագահ Միշել Ջոտոդիան 2014-ի հունվարի 10-ին հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ ի զորու չէ հանգուցալուծել երկրում ստեղծված իրավիճակը։
Այժմ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆրիկյան միությունը, Ֆրանսիան ու Եվրամիությունը։