Տարածաշրջանային զարգացումները Թուրքիային հնարավորություն են տալիս վերահսկել Արևելքը Արևմուտքին կապող ռազմավարական նշանակության էներգետիկ ուղիները՝ ստանալով հսկայական շահույթներ:
Դեկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անկարայում հայտարարել է, որ Բուլղարիայի անհամաձայնության և Եվրամիության բացասական դիրքորոշման պատճառով Ռուսաստանը հրաժարվում է «Հարավային հոսք» գազամուղը կառուցելուց:
Նույն օրը ռուսական «Գազպրոմ» ու թուրքական BOTAŞ կազմակերպությունները հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ կառուցվելու է Սև ծովով դեպի Թուրքիա գնացող 63 միլիարդ խորանարդ մետր տարողությամբ գազամուղ, որը ՌԴ նախագահի առաջարկությամբ կոչվելու է «Թուրքական հոսք», հաղորդում է ռուսաստանյան НТВ լրատվական կայքը: Վառելանյութի ծավալից 13 միլիարդը նախատեսված է Թուրքիայի համար, իսկ մնացած 50-ը հասցվելու է Թուրքիա-Հունաստան սահմանին, որտեղից եվրոպական պետություններն կկարողանան գնել այն:
«Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կրուպրիանկովը դեկտեմբերի 8-ին հայտարարել է, որ իրենք Սանկտ Պետերբուրգում սկսել են գազատար կառուցող կազմակերպության գրանցումը, որը ստանալու է «Газпром Русская» անունը: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ընդլայման միտում ունի նաև Հունաստան-Թուրքիա էներգետիկ ոլորտի համագործակցությունը: Թուրքիայի և Հունաստանի բարձրագույն խորհուրդների համագործակցության՝ դեկտեմբերի 6-ին կայացած երրորդ նիստում կողմերը համատեղ հայտարարություն են արել, ըստ որի՝ իրենք նպատակ են դրել կառուցել գազատարների նոր ցանցեր:
Հայտարարության մեջ ասված է, որ կողմերը զարգացնելու են երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը էներգետիկ ոլորտում՝ կառուցելով գատարների ենթակառուցվածքներ: Խոսվել է նաև հաջողված ITGI (Interconnector Turkey-Greece-Italy) թուրք-հունական նախագծի և «Տրանսադրիատիկ» (TAP) (նախագիծն իրականացնում են շվեյցարական EGL, նորվեգական Statoil և գերմանական E.ON Ruhrgas ընկերությունները) և «Տրանսանատոլիական» (TANAP) ադրբեջանա-թուրքական գազամուղների հնարավոր էֆեկտիվության մասին, որոնցով 2020-ից հետո նախատեսվում է գազ արտահանել կասպյան ավազանից դեպի Եվրոպա: Սա նշանակում է, որ ստեղծված իրադրությունից կօգտվի նաև Ադրբեջանը՝ կասպյան ավազանի վառելանյութի համար սպառման շուկա բացելով Եվրոպայում:
Հատկանշական է, որ Հունաստանի փոխվարչապետ և արտգործնախարար Էվանհելոս Վենիզելոսը դեկտեմբերի 5-ին Աթենքում կազմակերպված թուրք-հունական բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է, որ դեկտեմբերի 1-ին «Հարավային հոսք» նախագիծը չեղյալ հայտարարելուց հետո թուրք-հունական համագործակցությունը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն:
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան ТАСС գործակալությունը, էներգետիկ ոլորտում մասնագիտացած EIRANEWS.COM կայքի խմբագիր Ջորջ Հաթզիիոանուն (George Hatziioannou) հայտարարել է, թե ռուսական նոր նախագիծը շատ ձեռնտու է Հունաստանին, քանի որ Ռուսաստանից Թուրքիա մտնող 63 միլիարդ խմ գազի շուրջ 50 միլիարդը մնալու է թուրք-հունական սահմանին: Հույները միառժամանակ կարող են օգտագործել ներկայումս գործող գազամուղները, սակայն հետագայում Հարավային Եվրոպայի այլ երկրներ ևս գազ ուղարկելու համար անհրաժեշտ կլինի կառուցել նոր ենթակառուցվածքներ:
Սա նշանակում է, որ թուրք-հունական գազամուղերի ենթակառուցվածքները կարող են օգտագործվել նաև «Հարավային հոսք» նախագծի փոխարեն կառուցվելիք նոր և ավելի մեծ ներկրում ապահովող նախագծում՝ Ռուսաստանից Թուրքիա ներմուծվող վառելանյութը դեպի Եվրոպա հասցելու համար:
Հետաքրքրական է, որ ռուսական գազամատակարարումից զրկված Եվրոպան որպես այլընտրանք զբաղվելու է «Հարավային գազային միջանցք» նախագծով, որը Եվրոպային գազ կմատակարարի կասպյան ավազանից: Այս մասին դեկտեմբերի 8-ին Եվրամիության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Էներգետիկ միության հարցերով ԵՄ հանձանակատար Մորաշ Շևչովիչը:
Որպես այլընտրանք առաջարկված նախագիծը նախատեսում է ընդլայնել Հարավային Կովկասով անցնող գազամուղը (Բաքու-Թբիլիսի-Էրզրում), իսկ Թուրքիայից Եվրոպա գազամատակարարումն ապահովել TANAP և TAP գազամուղերով՝ զուգահեռ թուրք-ռուսական նոր նախագծով կառուցվող գազատարներին: Սա նշանակում է, որ Թուրքիայում հետագայում հնարավոր է ծավալվի գազամուղերի երկու ենթակառուցվածքների մրցակցություն: