Թուրք զինծառայողը սպանել է ծառայակիցներին ու ինքնասպան եղել

Թուրքական լրատվամիջոների հաղորդմամաբ՝ 2014-ի դեկտեմբերի 9-ի գիշերը թուրք-սիրիական սահմանին տեղակայված թուրքական զորամասի դիրքերում զինծառայողը սպանել է իր 2 համածառայակիցներին, ինչից հետո ինքնասպան է եղել։ 

Միջադեպի վայրը

Միջադեպի վայրը
Նկարը՝ թուրքական Հյուրիեթ լրատվամիջոցի

Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» լրատվականը։

Դեպքի մասին խոսել է նաև Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն՝ նշելով, որ կատարվածն ահաբեկչություն չէ։

«Ըստ երևույթին, դեպքը եղել է խելագարության պահին։ Անկախ դեպքի պատճառներից, մեր բոլոր զինծառայողներն, ովքեր մահացել են ծառայության ընթացքում, բոլորը նահատակ են»,- ասել է վարչապետը։

Դեպքի առընչությամբ ավելի վաղ  քննարկվում է երկու վարկած, որոնցից մեկի համաձայն կրակոցները հնչել են Սիրիայի սահմանից, իսկ մյուսի համաձայն՝  համածառայակիցների փոխհրաձգության հետևանքով։

Միջադեպը եղել է Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Ջեյլափընար գավառից 15 կմ հեռավորության վրա տեղակայված սահմանապահ զորամասի վերահսկողության տակ գտնվող դիրքերում։ Մահացած զինծառայողների ինքնությունը դեռևս չի բացահայտվում։ Դեպքից հետո Շանլըուրֆայից հատուկ նշանակության ջոկատներ և ժամկետային զինծառայողների նոր խմբեր են ուղարկվել այնտեղ։

Շանլըուրֆայի նահանգապետը նշել է, որ դեպքի առնչությամբ դեռևս ոչինչ պարզ չէ, կատարվում է քննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *