Պակիստանն ու Թուրքիան խորացնում են ռազմական համագործակցությունը

Պակիստանում 2014-ի դեկտեմբերի 1-4-ը անցկացվել է IDEAS-2014 ռազմարդյունաբերության միջազգային ցուցահանդես, որին մասնակցել է նաև թուրքական 16 ընկերություն։

Թուրքական «Ասելսան» ռազմաարդյունաբերող ընկերության տաղավարը IDEAS-2014 ցուցահանդեսում

Թուրքական «Ասելսան» ռազմաարդյունաբերող ընկերության տաղավարը IDEAS-2014 ցուցահանդեսում

Թուրքայից ամենամեծ տաղավարներով ներկայացել են «Ասելսան», «Ռոկետսան», «Հավելսան» ընկերությունները։

Պակիստանյան Pakistan Defence լրատվակայքի համաձայն` Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ թուրքական ընկերությունների հետ ռազմական տեխնիկայի ներմուծման համաձայնություն է ձեռք բերվել։

Ներկայացված թուրքական ընկերություններից «Հավելսանը» ծրագրային ապահովմամբ զբաղվող խոշոր կազմակերպություն է։ Զբաղվում է նաև ՀՕՊ-ի (հակաօդային պաշտպանություն) համակարգերի մոդելավորման, ուսուցման և անվտանգության համակարգերի ստեղծմամբ։

«Ռոկետսանը» համարվում է հռթիռներ արտադրով թուրքական խոշորագույն ընկերությունը։ Իսկ ամենամեծ տաղավարով ներկայացել է «Ասելսանը», որը Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունն է։

Նշենք, որ թուրքական «Ասելսան» ընկերության հետ Պակիստանի պաշտպանության նախարարությունը համագործակցում է դեռևս 1988-ից։ Մասնավորապես Պակիստանը իր ռազմածովային ուժերի համար ներմուծում է թուրքական արտադրության STAMP մարտական հանգույցներ։

STAMP-ը նավերի կամ կատերների վրա ամրացվող մոդուլային կառուցվածքով հեռակառավարվող ավտոմատ հանգույց է, որի վրա՝ համաձայն պատվիրատուի ցանկության, կարող է տեղադրվել 12,7 կամ 7,62 մմ տրամագծով գնդացիր, ինչպես նաև 40 մմ տրամագծով նռնականետ։ Նախատեսված է ռազմանավերի, առափնյա անվտանգության կատերների ուղղությամբ չհամակարգված, անկանոն գրոհներից պաշտպանվելու համար։

Ավելացնենք, որ IDEAS ցուցահանդեսն անցկացվում է 2000 թվականից՝ երկու տարին մեկ անգամ։ Ներկայացվում են տարբեր երկրների արտադրության ցամաքային, ծովային և օդային առաջատար պաշտպանական միջոցներ։ 2012 թվականի ցուցահանդեսին մասնակցել է 209 ռազմարդյունաբերական ընկերություն՝ 23 երկրից։ Այս տարի մասնակցել է  60 երկրի մոտ 300 ընկերություն։

One response to “Պակիստանն ու Թուրքիան խորացնում են ռազմական համագործակցությունը

  1. Pingback: Պակիստանի ԶՈւ ՌԾՈւ նորանշանակ հրամանատարն իր առաջին այցով եղել է Թուրքիայում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *