Հայաստանի երեք հարևան երկրները քննարկելու են տարածաշրջանային խնդիրներ

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարները 2014-ի դեկտեմբերի 10-ին կհանդիպեն 4-րդ եռակողմ ժողովի շրջանակներում՝ Թուրքիայի Կարս քաղաքում։

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները, 19.02.2014

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները, 19.02.2014

Թուրքիայի արտգործնախարարության տարածած տեղեկության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկվելու են երեք երկրների շահերին առնչվող տարածաշրջանային զարգացումները, էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման, տարածաշրջանի կայունության և անվտանգության, առևտրաշրջանառության խնդիրները, ինչպես նաև նախորդ հանդիպման ընթացքում ընդունված որոշումների իրականացման հետ կապված հարցեր։

Նշենք, որ նախորդ հանդիպման ընթացքում քննարկվել էր երեք երկրների տարածքային ամբողջականության հարցը, որի շրջանակներում Վրաստանի արտգործնախարարը ևս պաշտպանել էր ադրբեջանա-թուրքական տեսակետը՝ կապված Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ Քննարկվել էր նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործման հարցը։

Այս խնդիրների քննարկման համար նախարարները նաև երկկողմ բանակցություններ են ունենալու։ Առաջին երկկողմ բանակցությունը վարելու են Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարները։ Այդ նպատակով դեկտեմբերի 9-ին Թուրքիա է մեկնելու Վրաստանի արտգործնախարար Թամարա Բերուչաշվիլին։

Եռակողմ հանդիպումների ձևաչափով երեք երկրների արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են 2012-ին՝ Թուրքիայի Տրաբզոն (Տրապիզոն) քաղաքում, երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի Բաթում քաղաքում՝ 2013-ի մարտին, իսկ երրորդը՝ 2014-ին Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում:

Բոլոր հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանի անվտանգության, էներգետիկ համագործակցության խորացման և ռազմավարական գործընկերության զարգացման հետ կապված հարցեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *