Հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովի գլխավորած պատվիրակությունը:
Ստորագրման արարողության ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է և առկա են բոլոր նախապայմանները համագործակցության ընդլայնման ու զարգացման համար: Սեյրան Օհանյանն արձանագրել է, որ պաշտպանության ոլորտում Հայաստանը և Ղազախստանը արդյունավետորեն համագործակցում են ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափով` նշելով, որ այդ գործում լուրջ դերակատարություն կարող է ունենալ երկու գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված միջկառավարական համաձայնագիրը: Սեյրան Օհանյանի խոսքերով՝ այս համաձայնագիրը երկու երկրներին հնարավորություն կտա համագործակցել ռազմական տեխնիկայի փոխանակման, սպասարկման և նորոգման, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ: Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարն իր հերթին` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ստորագրված համաձայնագիրը կարևոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Ադիլբեկ Ջակսիբեկովը հավելել է, որ երկու երկրների ռազմական համագործակցությունը ներառում է ինչպես ռազմական կրթության ու ուսուցման, այնպես էլ փորձի փոխանակման և ռազմատեխնիկական ոլորտները:
Նույն օրը Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ընդունել է նաև ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Այցի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել է ինստիտուտի կրթական ծրագրերին և ուսումնական գործընթացին: