Դեկտեմբերի 4-ին ժամը 15:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, հայտնում է ՊԲ կայքը:
Պաշտպանության բանակն իր զորակցությունը հայտնել Արթուր Մարգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
[Լրացում]
Զինվորի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ինչի մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հաղորդագրության համաձայն՝ 2014 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, զորամասերից մեկի պահակակետից քիչ հեռու հայտնաբերվել է հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Պերճի Մարգարյանը՝ կրծքավանդակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Վերջինս զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ մատնադրոշմային, դատաձգաբանական-դատահետքաբանական համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 30 – դեկտեմբերի 6 | Ռազմ.info