Այսօր` դեկտեմբերի 3-ին, Ստեփանակերտի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Քարվաճառ մտած ադրբեջանցի սահմանախախտների գործով հերթական նիստին որպես վկա ներկա էր զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ով մեկ տարի ադրբեջանական գերության մեջ էր:
Այս մասին հայտնում է Artsakhpress լրատվական գործակալությունը:
Ինչպես հայտնում է լրատվական գործակալությունը, դիվերսիոն խմբի անդամների ձերբակալման ժամանակ նրանց մոտ հայտնաբերված տեսախցիկում, ի թիվս այլ տեսանկարահանումների, եղել է նաև Ադրբեջանում Հակոբ Ինջիղուլյանի հարցքննությունը ներկայացնող տեսանյութ:
Դատական նիստին հրավիրված համակարգչային մասնագետի օգնությամբ վկա Հակոբ Ինջիղուլյանը նախ ծանոթացել է տեսանյութին, որից հետո պատասխանելով դատավորի, պետական մեղադրողի և դատապաշտպանների հարցերին նշել է, որ գերության ընթացքում՝ հարցաքննությունների ժամանակ, ադրբեջանցիները փոքր տեսախցիկով տեսանկարահանումներ են արել։
Դատական նիստում որպես իրեղեն ապացույց ներկայացված է սպանված ադբեջանցի Հասան Հասանովի մոտ հայտնաբերված տեսախցիկը: Այն արտաքին տվյալներով համապատասխանում է ադրբեջանական բանտում Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննության ընթացքում օգտագործված տեսախցիկին: Ավելին, տեսնելով Հասանովի նկարը՝ Իջիղուլյանը ճանաչել է նրան և հաստատել, որ նա ներկա էր եղել իր հարցաքննություններին։
Դատական նիստի վերջում դատավոր Անատոլի Թադևոսյանը հայտարարել է դատաքնության փուլի ավարտի մասին և հավելել, որ դեկտեմբերի 12-ին կսկսվի դատական վիճաբանության փուլը:
Հավելենք, որ դեռ նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ առկա է համապատասխան տեսագրություն և որ այն անմիջականորեն կապված է Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնություններին:
«Տեսանյութը զանգվածային տարածման չի տրամադրվում անձի վերաբերյալ զգայուն տեղեկատվության առկայության և էթիկական տեսանկյունից անթույլատրելիության պատճառով: Սակայն կարող է կոնֆիդենցիալության պահպանման պայմանով ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական ներկայացուցչություններին», —ո տեղեկացրել էր Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Քարվաճառում քաղաքացիական հագուստով զինված ադրբեջանցիներ էին հայտնաբերվել, որոնցից երկուսը հաջորդած օրերին ձերբակալվեցին, իսկ մեկը սպանվեց։ Սպանված ադրբեջանցու դին հայկական կողմը հետագայում հանձնեց Ադրբեջանին։
Ձերբակալված ադրբեջանցիներ`Իլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, մեղադրվում են Արցախի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, մասնավորապես՝ 316-րդ հոդվածով` լրտեսություն, 350-րդ հոդվածի 2-րդ մասով`առանց պատշաճ թույլտվության Արցախի պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբով հատելու, քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելու, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու, ինչպես նաև 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանություն և այլ հանցանքների համար։
Բացի վերոնշյալ հոդվածներից, նրանց մեղադրանք է առաջադրվել նաև 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի համար։