Պենտագոնը մտահոգված է սևծովյալ տիրույթի իրավիճակով

Ղրիմում ռուսական ռազմական ուժերի վերականգնումը կարող է հանգեցնել Ռուսաստանի  վերահսկողության հաստատմանը ամբողջ Սև ծովում, ինչը խիստ մտահոգում է Պենտագոնին:

Այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը՝ Կիև կատարած այցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, հաղորդում է EurasiaNet լրատվական կայքը:

Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավ

Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավ

Բրիդլավը նշել է, որ իրենք մտահոգված են Ղրիմի ռազմականացմամբ և այդ մտահոգությունը երկու պատճառ ունի. առաջին՝ որ ռուսական ռազմական ուժերը, ըստ հրամանատարի, անօրինական անեքսիայի են ենթարկել Ղրիմի թերակղզին և այնտեղ գտնվող ուժերը ոչ միայն այդ տարածքն են պահում, այլև հարկ եղած դեպքում կարող են ուժ կիրառել թերակղզուց դուրս, և երկրորդ՝ Ղրիմում տեղակայվող ուժերը կարող են ազդել ողջ Սև ծովի վրա:

Նշենք, որ Բրիդլավի հայտարարության օրը Ռուսաստանի Սևծովյան նավատորմի խոսնակ Վյաչեսլավ Տրուխաչևը հայտարարել էր , որ իրենք «մշտական տեղակայությամբ» Ղրիմ են տեղափոխել 10 միավոր Սու-27 և 4 միավոր Սու-30 կործանիչ: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Իսկ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ Ռուսաստանը արդեն իսկ ծրագրել է ընդլայնել Սևծովյան նավատորմը և նախատեսում է ուժեղացնել նաև Ղրիմում տեղակայված ստորաբաժանումները:

Հիշեցնենք, որ Ղրիմի՝ Ռուսաստանին միացումից հետո Սև ծովում ՌԴ դիրքերի ամրապնդման վերաբերյալ մտահոգություն էր հայտնել նաև Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Դենիզ Բայքալը՝ նշելով, որ երբ Ղրիմը Ուկրաինայի կազմում էր, Ռուսաստանն ավելի հեռու էր, ու Թուրքիան իրեն ավելի ապահով էր զգում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *