Թուրքիան ցուցադրաբար օգնում է Քոբանիի քրդերին

Թուրքիան 2014թ. դեկտեմբերի 2-ին Իրաքի Քրդական Ինքնավարության «Փեշմերգե» մարտիկների երկրորդ խմբին թույլատրել է Թուրքիայի տարածքով անցնել և միանալ «Իսլամական պետություն» զինյալների պաշարած Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի քուրդ պաշտպաններին։ Այս մասին հայտնում է թուրքական  Hurriyet Daily News լրատվակայքը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությանը:

Պատերազմական գոտին

Պատերազմական գոտին

150-հոգանոց ջոկատի առաջին խումբը՝ 40 հոգի, դեկտեմբերի 2-ին հասել են Քոբանի, իսկ 110-հոգանոց երկրորդ խումբը նույն օրը Էրբիլից ինքնաթիռով մեկնել է Շանլըուրֆա։ Ըստ քրդական Rudaw լրատվակայքի՝ դեկտեմբերի 3-ին նրանք էլ են արդեն հասել Քոբանի և պատրաստ են մարտի մեջ մտնել։

Թուրքական կայքերի տվյալներով այս որոշումը կայացվել էր Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ նոյեմբերի 20-21-ը Իրաք կատարած այցի շրջանակներում Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպման ժամանակ։ Նշենք, որ համաձայնություն էր ձեռք բերվել օգնել Իրաքյան Քրդստանին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, ինչպես նաև Իրաքյան Քրդստանից Թուրքիա 2015-ին արտահանել 150 մլն դոլարի նավթ։

Նշենք, որ արաբական Aljazeera հեռուստաալիքի նոյեմբերի 29-ին տարածած տեղեկության համաձայն «Իսլամական պետություն» խմբավորման անդամները Թուրքիայի տարածքից հարձակվել են Քոբանիի վրա։ Անհրաժեշտ է նաև վերհիշել Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան ամբողջովին չի կարողանում վերահսկել Իրաքի և Սիրիայի հետ ունեցած իր 1000կմ սահմանը, թեպետ Քոբանիի հետ սահմանային հատվածն ամենևին էլ 1000կմ չէ։

Անմիջապես այս իրադարձություններից հետո Թուրքիան որոշեց ձեռք բերված համաձայնության շրջանակներում թույլատրել քրդական փեշմերգեի նոր զորաջոկատների անցումն իր տարածքով։ Նշենք, որ առաջին զորաջոկատին Թուրքիան թույլատրել էր անցնել իր տարածքով հոկտեմբերին, իսկ մինչ այդ Քոբանին արդեն երկու ամիս պաշարված էր «Իսլամական պետության» զինյալների կողմից, միաժամանակ Թուրքիան արգելափակում էր ցանկացած օգնության հասցնելը քաղաքը պաշտպանող քրդական ջոկատներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *