Այսօր լուսաբացին հայկական կողմը ոչնչացրել է ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներին, որոնք փորձել են խախտել ՀՀ պետական սահմանը: Ադրբեջանական կողմը տվել է առնվազն 5 զոհ, իսկ 15-20 հոգուց բաղկացած խումբը դիմել է փախուստի: Միջադեպին` ՀԱՊԿ արձագանքի բացակայությունը տարբեր մեկնաբանություններ է ստացել:
- «Կատարվածը հարկավոր է դիտարկել պաշտոնական Բաքվի ինչ-ինչ քաղաքական հաշվարկումների, մասնավորապես «պատերազմի շանտաժի» համատեքստում»,- անդրադառնալով դիվերսիոն գործողություններին` ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
- «Նման սադրիչ գործողություններին պետք է պատասխանել հնարավորինս կոշտ միջոցներով: Դրանց անպատիժ թողնելն անթույլատրելի է»,- նշել է Աֆղանստանի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը:
- «ՀԱՊԿ-ը ներկայումս խիստ զբաղված է արագ արձագանքման ուժերի պատրաստությամբ, իսկ ահա անվտանգության ռեալ սպառնալիքները ՀԱՊԿ ուշադրությունը չեն գրավում»,- գրում է 1in.am-ը:
- Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը ևս անդրադարձել է ՀԱՊԿ «լռությանը». «Նման միջադեպերը ՀԱՊԿ-ի համար «լուրջ» հիմք չեն ռազմական քայլեր ձեռնարկելու համար. տարածքային ամբողջականության վտանգման խնդիր չկա և ոչ էլ պատերազմական լայնամասշտաբ գործողություններ են»:
- Ադրբեջանը հրապարակել է սպանված հինգ ադրբեջանցիների անունները:
- Այս տարեսկզբին հայկական կողմին հանձնված ադրբեջանցի Մամեդբաղիր Թալիբօղլու Ախունդզադեն հաստատել է, որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք:
- «ՉԻ» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ `«վերջերս Վայքի թիվ N զորամասերից մեկում զինվորները տևական ժամանակ չեն ստացել իրենց հասանելիք որոշ սննդամթերք. այն վաճառվել է»:
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սահմանամերձ շրջանների վրա: Նրանք կոչ են արել տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում գտնվող Հիլարի Քլինթոնին հանդես գալ Բաքվին ուղղված հայտարարությամբ, մտահոգություն են հայտնել Ալիևի ռեժիմի ԱՄՆ կողմից սպառազինության վաճառքի վերաբերյալ և կոչ են արել խստացնել 907 ուղղման կիրառումը Ադրբեջանի հանդեպ, որով արգելվում է ռազմական օգնությունը Բաքվին Հայաստանի շրջափակման պատճառով:
- Հայաստանի և Ղազախստանի միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել:
Միջազգային լուրերը հայկական մամուլում
- Սիրիայի իշխանությունները համաձայնություն են ստորագրել, որով թույլ են տալիս հումանիտար գործակալությունների ներկայացուցիչների մուտքը երկիր: Խոսքը մասնավորապես ՄԱԿ-ի 9 գործակալությունների և 7 միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքների մասին է:
- «Աշխարհի 8 երկրներ` ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը և Իսրայելը, 2012թ. սկզբին ձեռնարկել են իրենց միջուկային սպառազինության արդիականացումը՝ միաժամանակ կրճատելով դրանք»,- ասվում է Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) հետազոտության մեջ:
- ԱԷՄԿ-ի ղեկավար Ամանոն կարծում է, որ Իրանը քանդում է Պարչին ռազմաբազայում գտնվող շինությունները, որ վերացնի միջուկային փորձարկումների հետքերը:
- ՆԱՏՕ-ն պայմանավորվել է ռազմական տեխնիկան և սարքավորումները Աֆղանստանից դուրս բերելու հարցում: