Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 23-29, 2014

Հայ խաղաղապահների առաջին խումբը Լիբանանում • Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային • «Միասնություն 2014» զորավարժությունների ամփոփումը • Դավիթ Տոնոյանը դեսպաններին է ներկայացրել ՊԲ խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրսբերման մանրամասները • Ուղղաթիռի խոցման առիթով քրեական գործ է հարուցվել • Թուրքիայի ԶՈւ զորամասերի ստուգումը հայկական ԶՈւ տեսուչների կողմից • ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչն ունի առաջին նորանշանակ տեղակալ •Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը Հայաստանում • Հաստատվել է հայ-բուլղարական ռազմական համագործակցության 2015թ պլանը • Դեկտեմբերին զինված ուժերում կանցկացվի բժիշկ սպաների զորակոչ-զորացրում

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման՝ Լիբանան մեկնելու հանդիսավոր արարողությունը

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման՝ Լիբանան մեկնելու հանդիսավոր արարողությունը

• Նոյեմբերի 26-ի երեկոյան Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Լիբանան է մեկնել և արդեն տեղակայման վայր է ժամանել հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը: Հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցելու է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը և իրականացնելու է ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում:

• Նոյեմբերի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության նախագահին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին:

• Նոյեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում ամփոփվել են 2014թ նոյեմբերին անցկացված «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները: Փորձի փոխանակման և համադրման տեսանկյունից կայացած համարելով զորավարժությունները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հորդորել է ներկաներին հետևություններ անել գրանցված արդյունքներից և տվել համապատասխան հանձնարարականներ:

• Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետներին և ռազմական ներկայացուցիչներին ներկայացրել է Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի դիակներն անկման վայրից տարհանելու ուղղությամբ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից իրականացված հատուկ գործողությունների մանրամասները, ինչպես նաև հայկական կողմի նշված գործողություններն ապացուցող անհերքելի փաստեր:

• Նոյեմբերի 26-ին, անդրադառնալով հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի դեպքին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել է, որ անձնակազմի դիերը վերադարձնելով գործը չի ավարտվել: Կա երեք զոհ և ծառայողական քննություն ու քրեական գործ է հարուցվել, որոնք իրականացվում են հրամանատարության և իրավապահների ջանքներով: Աշխատանքների արդյունքում կտրվեն գնահատականներ:

• Նոյեմբերի 26-ից 28-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈւ) մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է անցկացրել Թուրքիայի Հանրապետության տարածքում: Տեսչության ընթացքում ճշգրտվել են ՀՀ հետ սահմանակից զորամասերի հայտարարված աշխարհագրական կոորդինատներն ու սխեմաները, ստուգվել պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի և սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը և դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում, դիտարկվել զորամասերի սահմանագոտիները և ընդհանուր տարածքները:

• ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2014-ի նոյեմբերի 28-ին ստորագրել է կարգադրություն, որով նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնում է նշանակել գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանին։

• ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրավերով նոյեմբերի 24-ին Հայաստան է ժամանել Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն: Երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի միջև կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքը և հեռանկարները:

Հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Վրաստանի երկկողմ համագործակցությանն առնչվող ու այլ հարցեր

Հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Վրաստանի երկկողմ համագործակցությանն առնչվող ու այլ հարցեր

• Նոյեմբերի 27-ին Բուլղարիայի ՊՆ պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Պատվիրակության այցի արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և Բուլղարիայի ՊՆ պաշտպանական քաղաքականության դիրեկտորատի տնօրեն տիկին Ռոսիցա Դիմիտրովան ստորագրել են հայ-բուլղարական ռազմական համագործակցության 2015թ պլանը:

• Նոյեմբերի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է դեկտեմբերին ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու եվ զորացրում կատարելու մասին հրամանագիրը:

Ռազմաշաբաթը նաև Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *