Սեյրան Օհանյանը՝ ուղղաթիռի խոցման միջադեպի քրեական գործի հարուցման մասին

32 հայ խաղաղապահներին Լիբանան ճանապարհելու հանդիսավոր արարողության ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի դեպքին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ նախարարը հայտնել է, որ անձնակազմի դիերը վերադարձնելով գործը չի ավարտվել: Կա երեք զոհ և ծառայողական քննություն ու քրեական գործ է հարուցվել, որոնք իրականացվում են հրամանատարության և իրավապահների ջանքներով: Աշխատանքների արդյունքում կտրվեն գնահատականներ:

Այն հարցերին, թե ինչ նոր փաստեր ջրի երես դուրս կգան զինվորականների և իրավապահների համատեղ աշխատանքների արդյունքում, և որքանով է հավանական, որ քրեական պատասխանատվության ենթարկվեն հրամանատարության կազմի անդամներ, նախարարը պատասխանել է, որ քննությունը սպառիչ պատասխան կտա բոլոր հարցերին: Սեյրան Օհանյանը միաժամանակ ընդգծել է, որ թռիչքուղին ծանոթ է եղել անձնակազմին, իսկ ուղղաթիռի խոցումը պարզապես հակառակորդի դավադրանքի թիրախ է դարձել:

ՀՀ պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ուղղաթիռի խոցումն անպատասխան չի մնալու:

Հիշեցնենք, որ 2014-ի նոյեմբերի 12-ին Արցախում ընթացող «Միասնություն 2014» զորավարժության շրջանակներում ուսումնավարժական թռիչք իրականացնելիս ադրբեջանական կողմը խոցել էր հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Անձնակազմի 3 անդամների ճակատագիրը մինչ օրս անհայտ էր, իսկ ադրբեջանական կողմը միջազգային կառույցների՝ օդաչուների մարմինները դուրս բերելու միջնորդությանը տալիս էր լկտի պատասխան՝ նշելով, որ դա կարվի այն ժամանակ, երբ Ադրբեջանը հարկ համարի։

Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ուժերը նոյեմբերի 22-ին ուղղաթիռի խոցման վայրից տարհանել են հայկական Մի-24-ի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքներն ու ուղղաթիռի որոշ սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են հետագայում խոցման պահի մանամասները պարզելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *