Ադրբեջանի պաշտպանության նախարար, գենեալ-գնդապետ Զաքիր Հասանովը նոյեմբերի 26-ին առաջնագծի զորամասերից մեկում անցկացրել է ՊՆ 2014-ի արդյունքների ամփոփման կոլեգիայի ընդլայնված նիստ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Նիստին մասնակցել են պաշտպանության նախարարի տեղակալները, զորատեսակների և զորամիավորումների հրամանատարությունը, վարչությունների ու ծառայությունների պետերը, զորամասերի հրամանատարները և շտաբի պետերը։
Զաքիր Հասանովի ղեկավարած նիստում քննարկվել են զինված ուժերում իրականացված բարեփոխումների, մարտական պատրաստության աստիճանի և պաշտպանական կառույցների սպասարկման որակին վերաբերող հարցերը։ Պաշտպանության նախարարը ելույթ է ունեցել ԶՈւ-ում 2014-ի արդյունքնրի ամփոփումով խոսել 2015 ուսումնական տարվա անելիքների շուրջ։ Զեկույցով հանդես են եկել զորամիավորումների հրամանատարները և ծառայության պետերը։ Նիստի ավարտին քննարկումների հիման վրա ընդունվել են մի շարք որոշումներ։
Նիստի ավարտին նախարար Հասանովը շքանշաններով պարգևատրել է ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների։ Նույն օրը նիստին մասնակից բարձարստիճան զինվորականները եղել են զորամասերից մեկին կից զորավարժարանում և հետևել անցկացվող վարժանքներին։
Հիշեցնենք, որ նախարարի՝ առաջնագծի զորամասեր և զորավարժարաններ այցի մասին հայտնի էր դարձել դեռևս նոյեմբերի 25-ին, երբ Հասանովն ու նրա առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ Սադիգովը եղել էին հրթիռահրետանային և համազորային զորավարժարաններում։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 23-29, 2014 | Ռազմ.info