Թուրքիայի կառավարությունում գումարվել է անվտանգության գագաթնաժողով

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն 2014-ի նոյեմբերի 25-ին կառավարությունում գումարել է անվտանգության գագաթնաժողով, որի ընթացքում քննարկվել են երկրի արտաքին և ներքին զարգացումների հետ կապված հարցեր։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու

Գագաթնաժողովին մասնակցել են վարչապետի օգնականներ Բյուլենթ Արինչը, Յալչըն Աքդողանը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ազգային հետախուզական կազմակերպության պետ Հաքան Ֆիդանը, ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը և կառավարության այլ անդամներ։

Քննարկումն անցել է փակ դռների հետևում և տևել է շուրջ 1,5 ժամ։ Ըստ թուրքական լրատվամիջոցների հայտնած տեղեկությունների, օրակարգում եղել են «Իսլամական Պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային Թուրքիայի մասնակցության հետ կապված մի շարք խնդիրներ, ինչպես նաև աջակցությունը Հյուսիսային Կիպրոսին՝ մի շարք հարցերում։

Հիշեցնենք, որ Դավութօղլուն քննադատել էր Կիպրոսի Հանրապետության կառավարության հայտարարությունն այն մասին, որ թուրքական Կիպրոսի իշխանությունները չեն կարողանում օգտվել կղզու բնական գազի պաշարներից։ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե Անկարան երբեք թույլ չի տա Կիպրոսի հույներին մենաշնորհ հաստատել կղզում։

Գագաթնաժողովից հետո Դավութօղլուն ուղևորվել է նախագահ Էրդողանի նստավայր՝ շաբաթվա կարևոր իրադարձությունները, ինչպես նաև, հավանաբար, գագաթնաժողովի արդյունքները Էրդողանի հետ քննարկելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *