Նոյեմբերի 26-ից 28-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈւ) մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է անցկացնում Թուրքիայի Հանրապետության տարածքում:
Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը։
Տեսչության ընթացքում կճշգրտվեն ՀՀ հետ սահմանակից զորամասերի հայտարարված աշխարհագրական կոորդինատներն ու սխեմաները, կստուգվեն պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի և սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը և դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում, կդիտարկվեն զորամասերի սահմանագոտիները և ընդհանուր տարածքները:
Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը սպառազինությունների վերահսկման իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթ է, որի նպատակը եվրոպական տարածաշրջանում սովորական սպառազինությունների հետ կապված մարտահրավերներն ու մտահոգություն առաջացնող խնդիրները նվազագույնի հասցնելն է, անդամ պետությունների անվտանգության, վստահության ամրապնդումը և սպառազինությունների վերահսկման ոլորտում թափանցիկության ապահովումը:
Հայաստանը յուրաքանչյուր տարի պարտավորվում է ընդունել իր զինված ուժերի չորս տեսչական ստուգումներ: Մինչ օրս իրականացված տեսչական ստուգումների արդյունքներով երբևէ չի գրանցվել ՀՀ կողմից պայմանագրի խախտման որևէ դեպք:
Հայաստանն իր հերթին տեսչական այցեր է իրականացնում ԵՍԶՈւ պայմանագրի անդամ պետություններում, այդ թվում` Թուրքիայում: Ընդհանուր առմամբ, 1993 թվականից սկսած Հայաստանը տեսչական այցեր է իրականացրել Հունաստանում, Թուրքիայում և այլ երկրներում, ինչպես նաև մասնակցել է Բուլղարիայում, Ուկրաինայում, Մեծ Բրիտանիայում, Մոլդովայում և այլ պետություններում իրականացված բազմազգ տեսչական ստուգումներին:
Pingback: Թուրքիայի ԶՈւ տեսչական խումբն այցով Հայաստանում է | Ռազմ.info