2014թ նոյեմբերի 25-ին ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային մեծ ժովովում (ԹԱՄԺ)՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման գործունեությանը մասնակցել է Թուրքիայի 600 քաղաքացիներ, որոնցից ավելի քան 100-ը մահացել են մարտերում։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Չավուշօղլուն հղում է կատարել Թուրքիայի ազգային հետախուզական վարչության տվյալներին։
Նա միաժամանակ ավելացրել է, որ ծայրահեղական տարբեր խմբավորումներին աջակցող ավելի քան 7000 մարդկանց մուտքը Թուրքիա արգելվել է, իսկ 1100 մարդ արտաքսվել է Թուրքիայից։ Սակայն հավելել է, որ Թուրքիան չի կարող ամբողջովին վերահսկել ահաբեկչական խմբավորումների անդամների շարժն իր տարածքով, քանի որ Սիրիայի և Իրաքի հետ ավելի քան 1000կմ սահման ունի։ Նա կոչ է արել արևմտյան երկրներին ահաբեկչական խմբավորման եվրոպացի անդամների մասին հետախուզական տվյալներ տրամադրել, որպեսզի Թուրքիան կարողանա հետևել նրանց շարժին սեփական տարածքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ին աջակցող Սիրիայի 700 և Թուրքիայի 16 քաղաքացի։
Նշենք, որ հոկտեմբերին ԹԱՄԺ-ի պատգամավոր, «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ Ալի Էդիբօղլուն իր ելույթում հայտարարել էր. «Թուրքիան աչք է փակում իր տարածքով Եվրոպայից, Չեչնիայից մեծաթիվ զինյալների՝ Սիրիա և Իրաք մտնելու վրա։ Նրանց օգնում է առնվազն 1000 թուրք։ Դա առանց թուրքական հատուկ ծառայությունների գիտության տեղի ունենալ չէր կարող»։
Pingback: «Իսլամական պետության» շարքերում կռվում է Թուրքիայի 500-700 քաղաքացի. Չավուշօղլու | Ռազմ.info