Բելառուսը և Թուրքիան ընդլայնում են ռազմական համագործակցությունը

2014-ի նոյեմբերի 25-ին աշխատանքային այցով Թուրքիա է ժամանել Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի գլխավորած պատվիրակությունը։ Բելոկոնևը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելի հետ։

Բելառուսի ԶՈւ ԳՇ պետ Օլեգ Բելոկոնևը և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Նեջդեթ Օզելը

Բելառուսի ԶՈւ ԳՇ պետ Օլեգ Բելոկոնևը և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Նեջդեթ Օզելը

Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:

Կողմերը քննարկել են երկու երկրների զինված ուժերի համագործակցության զարգացման հետ կապված հարցեր, որոշակիացրել առաջնահերթ կատարելիք քայլերը։

Բելառուսի ԶՈւ գլխավոր շտաբի հայտնած տեղեկության համաձայն կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը ռազմական արտադրության ոլորտում։

Նեջդեթ Օզելը բելառուսական զինվորական պատվիրակությանը ներկայացրել է Թուրքիայի ԶՈւ կողմից իրականացվող գործողությունների, ապագա ծրագրերի մասին տեղեկություններ, ինչպես նաև ծանոթացրել է թուրքական զինված ուժերի համակարգին, նախապատրաստական ծրագրերին, հատուկ նշանակության զորքերի տեխնիկական համալրվածությանը։

Օլեգ Բելոկոնևը  Թուրքիայում է լինելու մինչև նոյեմբերի 26-ը։ Նոյեմբերի 26-ին նա պետք է այցելի թուրքական ռազմական արդյունաբերության գործարաններ։

Նշենք, որ թուրք-բելառուսական համագործակցության առաջին պայմանագիրը կնքվել է 1996-ին, սակայն ուժի մեջ է մտել 2000-ին։ Ընդհանուր առմամբ Թուրքիան և Բելառուսը կնքել են 50 միջպետական պայմանագիր՝ այդ թվում նաև մի շարք ռազմաքաղաքական և ռազմաարդյունաբերական պայմանագրեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *